«Համոզված եմ՝ ՀՀ-ում բավականին դատական հայցեր են լինելու՝ նախկին իշխանության օրոք իրականացված գործողությունների հետ կապված». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի դիմումի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի թիրախավորել: Ավելին, ըստ նրա՝ այսօր Գագիկ Ծառուկյանի այն բիզնեսները, որոնք նա հանձնել է կառավարման, ավելի պաշտպանված են, քան երբևէ:

«Այսօր գործարարների համար շատ ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվել, քան նախկինում: Կարծում եմ՝ այս հարցում պարոն Ծառուկյանն ինձ հետ կհամաձայնի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գ. Ծառուկյանի այն հայտարարությանը, որ միայն իրեն պատկանող ընկերություններում անընդհատ ստուգումներ են իրականացվում:

Խոսելով դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի՝ Վերաքննիչ դատարան դիմելու և իրեն նախկին պաշտոնում վերականգնելու դիմումից, և պատասխանելով հարցին՝ Նոր Հայաստանում Գագիկ Ջհանգիրյանը կարո՞ղ է պաշտոն զբաղեցնել դատախազությունում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրավունքը հստակ է, եթե 2008 թվականին այն խախտվել է ինչ-որ օրենքով, ինչպես իր դիմումում նշել է Գագիկ Ջհանգիրյանը, ապա պետք է վերականգնվի:

«Վստահ եմ, որ պարոն Ջհանգիրյանը գործը եզակի չի լինելու այն առումով, որ, համոզված եմ՝ Հայաստանում բավականին դատական հայցեր են լինելու՝ նախկին իշխանության օրոք իրականացված  գործողությունների հետ կապված, որոնք անօրինական են գնահատվել; Թող բոլոր հարցերի պատասխանները հնչեն, որպեսզի մեր հանրության օրակարգից դուրս գա՝ արդյո՞ք աշխատանքից հեռացնելը եղել է ապօրինի, թե՞ ոչ: Պետք է հարցերը պատասխան ստանան, դրա մեջ որևէ վատ բան չկա»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008-ի փետրվարի 23-ի 2 հրամանները։

Դրանցից մեկը վերաբերում է իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու որոշմանը, մյուսը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու հրամանագրին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս