«Կան հետաքրքիր մտահղացումներ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում». Լավրովն ու Մամեդյարովն արձագանքեցին Փաշինյանի կոչին
«Ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է լիովին թափանցիկ կերպով»,- այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին սպառազինություն չվաճառելու մասին կոչին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար:
Նրա խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:
Պատասխանելով ռուսական «Կոմերսանտի» լրագրողի հարցին՝ արդյոք Ռուսաստանը հաշվի կառնի՞ ՀՀ վարչապետի կոչը, Սերգեյ Լավրովն ասաց, թե միայն կարող է ասել, որ ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ամենակարևոր ոլորտներից մեկն է:
«Մենք զարգացնում ենք այդ համագործակցությունը լիովին թափանցիկ կերպով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության նորմերին համապատասխան, լիովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որն այս տարածաշրջանում ստեղծվել է և որը կարևոր է, որպեսզի այստեղ պահպանվի կայունություն»,- ասաց Լավրովը:
Իր հերթին՝ Էլմար Մամեդյարովը հավելեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես եղել է ռուս-ադրբեջանական բանակցային օրակարգում, և այն շարունակվելու է:
«Կան որոշակիորեն հետաքրքիր մտահղացումներ դրա շրջանակում, և երբ ավարտվի գործարքը, մենք տեղեկատվություն կտրամադրենք ԶԼՄ-ներին»,- ասաց Մամեդյարովը: