Բաժիններ՝

Սամոայում պետական հիմնարկությունները երկու օր փակ կլինեն կարմրուկի համաճարակի պատճառով

Սամոայի կառավարությունը հայտարարել է, որ բոլոր պետական մարմինների ու ծառայությունների աշխատանքը երկու օրով կդադարեցվի, որպեսզի պետական ծառայողները կարողանան կենտրոնանալ կարմրուկի դեմ պատվաստման արշավի վրա: Ինչպես հաղորդվում է Twitter-ում երկրի կառավարության էջում, բոլոր գերատեսչությունները եւ հաստատությունները փակ կլինեն դեկտեմբերի 5-ին եւ 6-ին։

«Սամոյայի բոլոր պետական ծառայությունները դեկտեմբերի 5-ին եւ 6-ին փակ կլինեն, որպեսզի բոլոր պետական ծառայողները կարողանան օգնություն ցուցաբերել երկրի բնակիչների պատվաստման զանգվածային արշավն անցկացնելու գործում: Բացառություն են կազմում միայն կոմունալ ծառայությունների աշխատակիցները»,- ասել է երկրի վարչապետ Տուիլաեպա Սայիլելե Մալիելեգաոյին նախօրյակին երեկոյան ազգին հղած իր ուղերձում: Սամոայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 3881 դեպք, որոնցից 153-ը՝ վերջին օրերին: Կարմրուկից մահացել է 55 մարդ, որոնցից 48-ը մինչեւ չորս տարեկան երեխաներ են:

Երկրում հայտարարվել է կարանտին եւ արտակարգ դրություն, փակ են դպրոցները եւ մանկական նախադպրոցական հաստատությունները: Բուժանձնակազմ եւ կարմրուկի դեմ պատվաստանյութեր են տրամադրվել Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Նորվեգիայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիական Պոլինեզիայից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում կղզի պետություն է հասցվել շուրջ 200 հազար չափաբաժին պատվաստանյութ, սակայն զանգվածային պատվաստման (սկսվել է նոյեմբերի 20-ին) ժամանակաշրջանում կարմրուկի դեմ ներարկումներ հաջողվել է անել միայն 58 հազար մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս