Պուտինը և Ցզինպինը տվել են «Սիբիրի ուժը» խողովակաշարով գազի մատակարարման մեկնարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: «Սիբիրի ուժը» մայրուղային գազատար է Իրկուտսկի եւ Յակուտսկի գազարդյունահանման կենտրոններից Հեռավոր արեւելքի ռուսաստանցի սպառողներին եւ Չինաստանին հումքի մատակարարման համար:
Դեկտեմբերի 2-ին բացվել է Յակուտիայի Չայանդինյան հանքավայրից մինչեւ Բլագովեշչենսկ (Չինաստանի հետ սահման) մոտավորապես 2200 կիլոմետր երկարությամբ տեղամասը: Երկրորդ փուլում կգործարկվի մոտավորապես 800 կիլոմետր երկարությամբ հատվածը՝ Կովետկինի հանքավայրից մինչեւ Չայանդինյան հանքավայր: Այսպիսով՝ «Սիբիրի ուժի» ընդհանուր երկարությունը կկազմի մոտավորապես 3 հազար կիլոմետր: «Գազպրոմ»-ը եւ չինական CNPC-ն տարեկան 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման 30-ամյա պայմանագիր են ստորագրել 2014 թվականի մայիսին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 400 մլրդ դոլար: Գազամուղի շինարարությունը տեւել է ավելի քան հինգ տարի եւ նստել 1,1 տրլն ռուբլի: 2020 թվականին «Գազպրոմ»-ը կարող է Չինաստանին մատակարարել արդեն 5 մլրդ խորանարդ մետր վառելիք, 2021 թվականին՝ մինչեւ 10 մլրդ, 2022 թվականին՝ մինչեւ 15 մլրդ խորանարդ մետր: 38 մոլրդ խորանարդ մետր նախագծային հզորությանը պլանավորվում է հասնել 2025 թվականին: