Բաժիններ՝

Դրեզդենում կողոպտել են «Կանաչ կամար» թանգարանը, որը հայտնի է թանկարժեք իրերի հավաքածուով

Դրեզդենում անհայտ կողոպտիչները թափանցել են «Կանաչ կամար» թանգարան, որտեղ պահվում է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Bild հրատարակության տվյալներով՝ հանցագործները թանգարանից հափշտակել են ադամանդներ եւ այլ արժեքավոր իրեր: Վնասը կարող է կազմել միլիոնավոր եվրո, նշում է թերթը: Նրա տվյալներով՝ կողոպտիչները թանգարան են մտել պատուհանից՝ նախապես հոսանքազրկելով շենքը:

«Կանաչ կամար» թանգարանում պահվում է ոսկուց, արծաթից եւ թանկարժեք քարերից պատրաստված ցուցանմուշներ, փղոսկրից եւ այլ թանկարժեք նյութերից ապրանքներ: Իր անվանումը թանգարանն ստացել է այն բանի պատճառով, որ առաջ սրահներից մեկում գտնվում էին դահանակականաչ գույնով ներկված սյուներ:

Գանձատունը լուրջ վնասվածքներ էր ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. դրա հավաքածուն երկար ժամանակ տեղավորված էր Դրեզդենի «Ալբերտինում» կերպարվեստի թանգարանում: «Կանաչ կամարն» այցելուների առջեւ դռները բացել է 2006 թվականի վերակառուցումից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս