«Զախարովան ուղղակի փորձել է հիշեցնել, որ կան ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներ». Մարիամ Ավագյան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր: Այս պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- ասել է նա։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն անդրադառնալով Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ նշեց, որ Զախարովան իր ուղիղ խոսքում անդրադառնում է բոլոր տեղահանվածներին և փախստականներին։
«Գուցե ինքս մի քիչ միամիտ եմ, բայց կարծում եմ՝ Զախարովան, տեսնելով Ադրբեջանի ակտիվ գործունեությունը՝ Արցախի բանակցային գործընթացի առումով, նրա նախահարձակ ու անամոթ լինելը, Թուրքիայից աջակցություն ստանալը, փորձեց անուղղակի հիշեցնել, որ խոսքը նաև վերաբերում է ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներին։ Որովհետև նմանատիպ հայտարարություն 1-2 տարի առաջ արեց ԽՍՀՄ ԿԳԲ-ի ղեկավարը, որ բանակցային գործընթացում չպետք է մոռանալ, որ կան նաև հայ փախստականներ»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Ըստ նրա՝ հայ իշխանավորներն այդքան չեն հիշատակում հայ փախստականների մասին, որքան դրսի ուժերն են խոսում, ուստի Զախարովայի խոսքի մեջ եղել է ուղղում այն առումով, որ կան հայ փախստականներ։
Նրա դիտարկմամբ՝ եթե նույնիսկ Արցախյան շարժումն էլ չլիներ, միևնույն է՝ լինելու էին սումգայիթյան, Բաքվի, Գանձակի, Գարդմանի ջարդերը, քանի որ այդ ամենը ցեղասպան համակարգի պլանն է, որն ամեն օր ու համառորեն կիրառում են հայ ազգաբնակչության նկատմամբ։
Մարիամ Ավագյանը նկատեց՝ հայ փախստականները մինչև իրենց բնակավայրերը չվերադառնան, որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրաձայնվող ադրբեջանցի «տեղահանվածների» մասին։
Զվարթ Խաչատրյան