«Իշխանությունները չեն կարողանում հասնել դրան, և դա անում է Սերժ Սարգսյանը, որին մերժել են 1 տարի առաջ». Լևոն Նազարյան

Մեր երկրում երիտասարդությունը, որպես ընդհանրական հասկացություն, դադարել է գոյություն ունենալ, մեր կառավարության համար նախընտրելի են նրանք, ովքեր սպիտակ են, և ցավալի է, որ երիտասարդությունը քաղաքականացվում է։ Այս մասին այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդման եթերում ասաց  ՀՀԿ երիտթևի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանը։

«Երիտասարդության այն հատվածը, որը չի տեղավորվում նրանց գաղափարական հասկացությունների մեջ, արժանանում է արհամարհական վերաբերմունքի։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի ցանկանում իր տեղից ցած իջնել և զրուցել երիտասարդների հետ այն ժամանակ, երբ 1 տարի առաջ ինքն էր ցույց կազմակերպում և կոչ անում նախարարներին իջնել և իր հետ զրուցել»,- ասաց Նազարյանը։

Վերջինիս խոսքով՝ իշխանությունն անում է քայլեր, որոնք առաջացնում են դժգոհություն, իսկ առաջ եկած խնդիրները հարթելու հարցում երկխոսել իշխանությունների հետ չի ստացվում։

Նազարյանը, որպես օրինակ՝ բերեց Կրթության ոլորտում ընթացող գործընթացները, ինչը թեև առաջացրել է հանրային դժգոհություն, բայց խնդիրը լուծել չի ստացվում, իսկ դրա պատճառն այն է, որ այս իշխանությունը վարում է քաղաքականություն՝ հիմքում չունենալով  ազգային բաղադրիչ։

«Նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթների ժամանակ կոչ էր անում հպարտ քաղաքացիներին, և ոչ թե, ասենք, հայ ազգի ներկայացուցիչներին. այս առումով, այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, կարելի է հարցնել՝ պատրա՞ստ են մոռանալ իրենց ազգային ինքնությունը, եթե իրենց մատուցվեն այլ ծառայություններ, կամ տրվի գումար»,- ասաց  Նազարյանը։

Անդրադառնալով  երեկ Խորվարթիայում ԵԺԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին՝ Նազարյանը Սարգսյանին համեմատեց Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ Շառլ դը Գոլի հետ։

«Սերժ Սարգսյանի ելույթից հետո ես համեմատության եզրեր գտա դը Գոլի հետ, ում քաղաքական կենսագրությունը հաեմատելի է Սարգսյանի  ունեցած կենսագրության հետ։ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ իր խնդրանքն է, որ ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագիրն արագ ստորագրվի: Սա նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանում հասնել դրան, և դա անում է ընդդիմության հիմնական առաջնորդներից մեկը, որը մերժվել էր 1 տարի առաջ։ Սերժ Սարգսյանը բարձր ամբիոնից դիմեց  Ադրբեջանին՝ ասելով, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք լսում ենք  լղոզված հայտարարություններ»,- ասաց  նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս