Ռոբերտ Մելքոնյան. «Ինչու չեն սիրում ոստիկաններին…»
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է այն պատճառների մասին, թե ինչու չեն սիրում ոստիկաններին…
«Պատճառները շատ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, իրական և ոչ իրական, հիմնավորված և անհիմն: Ոստիկանները, բնականաբար, իրենց գործունեությամբ ազնվազարմ օրիորդաց դպրոցի դասատուներ չեն և մասնագիտության բերումով արգելում, պատժում, դաստիարակում, կարգի են հրավիրում: Իհարկե, նաև պարզ է, թե որոշ դեպքերում ինչպես և ինչ ձևով են դա անում: Համաձայն եմ, որ ցանկալի է հիմնականում օրինապահ, քաղաքավարի և կոռեկտ շփում քաղաքացիների հետ: Չեմ ուզում հիմա խորանալ, վերլուծություն կատարել, դա մի քիչ լուրջ եւ հիմնավոր խնդիր է, լուրջ վերլուծության կարիք է զգում: Հիմա ուղղակի ուզում եմ այդ պատճառներից մեկին անդրադառնալ:
Չարություն չանես…, ճաշդ կեր, թե չէ…, ձայնդ կտրիր, խելոք մնա թե չէ կասեմ ոստիկանը կգա քեզ կտանի…
Հենց այս երևույթի հետ կապված ուզում եմ նշել, որ հիացած եմ ՖԲ-ի օգտատեր Նունե Բրուտյանի էջի գրառմամբ.
«Յուրաքանչյուրս մեր հերթին ենք ձևավորում հասարակությունը, փորձում այն դարձնել ավելի լավ ու բարի: Բնական է, որ կան վատ ու անհաճո երևույթներ, բայց դրանք էլ ավելի կխորանան, եթե ամեն անգամ մատով ցույց տանք: Ես ինձ պարտավորված եմ զգում իմ թոռների մտածելակերպն այժմվանից ձևավորելու համար: Այ, օրինակ, հիմա մոդա է ոստիկաններին քարկոծելը, շատերը միաձայն պախարակում են, բայց ես կարծում եմ, որ մեր ժամանակների «միլիցեքի» ու այժմյան ոստիկանների միջև մեծ տարբերություն կա: Թոռներիս մեջ ներարկում եմ հավատ ու վստահություն մեր ոստիկանության հանդեպ, որ նրանք չսարսափեն համազգեստով մարդ տեսնելիս, այլ ընդհակառակը վստահ լինեն, որ ոստիկանն իրենց պաշտպանն է: Հասկանալի է, ինձ հետ հիմա շատերը համաձայն չեն լինի, նրաց միայն կարող եմ հաջողություն մաղթել ու ասել, որ իմ էջն առանց իրենց էլ կշարունակի գոյատևել»:
Հ.Գ. Մեր շատ-շատ մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ցավոք սրտի Ձեր քաջությունը չունեն, այլապես վաղուց գրած կլինեին…»: