Հունվար-հոկտեմբերին Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրի ծավալը նվազել է 14,9 տոկոսով
Չինաստանի եւ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով տարեկան հաշվարկով կրճատվել է 14,9 տոկոսով եւ կազմել 447,83 միլիարդ դոլար: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության՝ նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցում։
Ինչպես հետեւում է փաստաթղթից, Չինաստանից ԱՄՆ արտահանման ծավալը հաշվետու ժամանակամիջոցում նվազել է 11,3 տոկոսով՝ մինչեւ 347,787 միլիարդ դոլար: Ամերիկյան արտադրանքի ներմուծումը ՉԺՀ կրճատվել է 25,4 տոկոսով եւ կազմել 100,043 միլիարդ դոլար:
Հոկտեմբերին երկու երկրների առեւտրի ծավալը կազմել է 45,166 միլիարդ դոլար:
2018 թվականին Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 633,52 միլիարդ դոլարի՝ ավելանալով 8,5 տոկոսով: Ըստ որում ԱՄՆ-ի բացասական հաշվեմնացորդը կազմել է 323,32 միլիարդ դոլար՝ ավելանալով 17,2 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: