Բաժիններ՝

«99 տոկոսով Ակադեմիայի աշխատակիցները մերժում են այդ նախագիծը». ԳԱԱ թղթակից անդամ

Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը ևս չի կիսում այն տեսակետը, որ անհրաժեշտ է ԳԱԱ ինստիտուտները միացնել բուհերին։ Նրա խոսքով՝ այս հարցում իր կարծիքը չի տարբերվում Ակադեմիայի մյուս աշխատողների կարծիքից։

«Ակադեմիայի ինստիտուտներն անցկացրել են կոլեկտիվների ժողովներ, այդ ժողովներում հարցը մանրամասն քննարկվել է, եղել է քվեարկություն, և 99 տոկոսով Ակադեմիայի աշխատակիցները մերժում են այդ նախագիծը և առաջարկում են ընդhանրապես շրջանառությունից հանել»,- նշեց Արթուր Իշխանյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում օրենքի այդ նախագծին։

Նա հույս հայտնեց, որ նախագիծն ընդունելուց առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հաշվի կառնի իրենց կարծիքը։

Անդրադառնալով գիտության ոլորտին տրվող ֆինանսավորմանը՝ նա նշեց, որ դրա հետ կապված՝ ԳԱԱ և Գիտության պետական կոմիտեի նախագահներն արդեն հայտարարել են, որ ոլորտին տրվող ֆինանսավորումը բավարար չէ, և այդ գումարով հնարավոր չէ ոչինչ անել, ուստի նվազագույնը պահանջվում է կրկնապատկել հատկացումները։

Կարդացեք նաև

«Այդ գումարներով ոչինչ անել հնարավոր չէ։ Արդեն 8-10 անգամ ներկա եմ եղել գիտության ֆինանսավորման խնդիրներին նվիրված քննարկումներին, որի արդյունքում ինչ-որ կոսմետիկ հավելումներ են արել։ Սկզբնապես մի քանի անգամ փորձել են խախտել օրենքը, բայց նման քննարկումների արդյունքում այն վերականգնել են»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականներին ֆինանսավորելու ծրագրի դադարեցմանը, նա ասաց, որ ծրագրի դադարեցման հետ կապված որևէ հիմնավորում չկա, և արժե հարցն ուղղել ԱԺ գլխադասային համապատասխան մարմնին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս