Կենտրոնի թաղապետի ազատման դիմումը ստորագրվել է. Հակոբ Կարապետյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիմումն արդեն ստորագրել է  փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 168.am-ի հետ զրույցում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կենտրոնի թաղապետն աշխատանքից ազատման դիմում էր գրել հոկտեմբերի 24-ին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ:

Մեր հարցին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերադարձե՞լ է արձակուրդից, թե՞ ոչ, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ նա դեռ արձակուրդում է:

«Աշխատանքային օրենսդրությամբ 4 աշխատանքային շաբաթ արձակուրդի հնարավորություն ունի: Մեկնել է հոկտեմբերի 21-ին»:

Երեկ ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին Կենդանաբանական այգու աշխատակիցները դիմում էին գրել՝ հայտնելով, որ դեմ են, որ իրենց տնօրենը հեռանա: Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 1-ին: Պատճառը թափառող շների՝ երկու օր անընդմեջ հարձակումներն էին այգու կենդանիների վրա, որի հետևանքով անկել էր 3 մուֆլոն և 3 կենգուրու: Քաղաքապետարանը ստացել է դիմումը:

«Ռուբեն Խաչատրյանի դիմումի քննությունը տեղի կուենա քաղաքապետի վերադարձից հետո, չնայած որ, ըստ կարգի, կարող է ստորագրել քաղաքապետի պաշտոնակատարը, բայց հաշվի առնելով պաշտոնի կարևորությունը և  Խաչատրյանի հետ պայմանավորվածությունը՝ դիմումի քննությունը կլինի քաղաքապետի վերադարձից հետո»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ    

Տեսանյութեր

Լրահոս