Բաժիններ՝

«Դեմ եմ տնօրենի հրաժարականին». Կենդանաբանական այգու աշխատակիցները նամակ են գրել վարչապետին և քաղաքապետին

«Կենդանաբանական այգու աշխատակիցներն այս պահին ունեն մեկ ընդհանուր ցանկություն, որ տնօրենը չհեռանա և շարունակի իր աշխատանքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը:

Նոյեմբերի 1-ին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Պատճառը թափառող շների՝ երկու օր անընդմեջ հարձակումներն էին այգու կենդանիների վրա, որի հետևանքով անկեց 3 մուֆլոն և 3 կենգուրու:

Երեկ Կենդանաբանական այգում աշխատանքային ժողով է եղել, որի ընթացքում աշխատակիցները որոշել են նամակ գրել վարչապետին և քաղաքապետին: Նամակներն ուղարկվել են այսօր:

«Հավաքվել ու քննարկել են՝ ի՞նչ կուզենային գրել, քննարկումն առանց տնօրենի է եղել, ու նամակը գրվել է բոլորի ցանկությամբ: Մարդիկ հենց իրենց ձեռքով են գրել, որ դեմ են հրաժարականին կամ հեռանալուն»,- ասաց Վալյա Մարգարյանը:

Վալյան Մարգարյանը ժխտեց այն լուրերը, թե Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի դիմումից հետո այգու մի շարք աշխատակիցներ ևս աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել:

«Ոչ մի դիմում չի գրվել, աշխատակիցներն ուղղակի դեմ են տնօրենի ազատմանը, միտքը դա է»:

Մեր այն հարցին, թե մասնագետները պնդում են, որ կենգուրուներն ուժեղ կենդանիներ են, և դժվար թե մի քանի շուն կարողանային վնասել միանգամից 3 կենգուրուի, Վալյա Մարգարյանը պատասխանեց.

«Կենգուրուի մասին այդ կարծիքը շատ է նշվել, բայց կենգուրուների տարբեր տեսակներ կան, անկածները «բենետա» տեսակի կենգուրուներ էին, որ փոքր են ու շատ վախկոտ: Շների վերաբերյալ եզրակացություն դեռ չունենք, բայց այգու հարակից տարածքը հիմա էլ լիքն է շներով»,- ասաց Վալյա Մարգարյանը:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ ակցիաներ եղել են բազմիցս, այգու նախկին աշխատակիցներ և անհատներ պահանջում էին նրա հրաժարականը մի քանի կենդանիների անկումից հետո: Այգու տնօրենի օգնականին հարցրինք՝ կարո՞ղ է այս դեպքը որևէ կերպ կապված լինել նախկին աշխատակիցների հետ:

«Այս պահին անմեղության կանխավարկածը չխախտելու համար որևէ մեկի դեմ որևէ բան ասել չենք ուզում: Ամեն դեպքում որոշ գործերով քննություններ կան, օրինակ՝ զեբրի գործով, կենգուրուների ու մուֆլոնների անկման հետ կապված էլ փորձաքննություն է իրականացվում: Քննությունը կպարզի, թե ի՞նչ է կատարվել, և մենք դա կհրապարակենք:
Բազմիցս ասվել է , որ այգու տնօրենի դեմ ակցիայի մասնակիցները շահադիտական նպատակներ ունեն, այգու աշխատակիցներից ակցիայի մասնակից չունենք, կային երեք հոգի, ովքեր մասնակցել են ու հեռացվել աշխատանքից, բայց դա դատական կարգով քննվել է, ու դատարանը  եզրակացություն է տվել, որ աշխատակիցներն իրենք են հրաժարվել աշխատել տնօրենի հետ»,- ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս