42%-ի կարծիքով՝ ոչ մի տնտեսական հեղափոխություն չի սպասվում. Հարցում Արարատի և Արմավիրի մարզերում

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը հարցում է իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Հարցումն անցկացվել է այս երկու մարզերի քաղաքների և գյուղերի 18-60 տարեկան 500 բնակիչների շրջանում:

«Հայաստանի մարզերի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ» հարցումն անցկացվել է 2019թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ Արմավիրի ու Արարատի բնակիչները նշել են, որ իրենց մարզի ամենահրատապ խնդիրներից են բանկային վարկերի բարձր տոկոսադրույքները՝ «84%», ջրամատակարարումը՝ «77%», աշխատատեղերի բացակայությունը՝ «72%», դպրոցների և հիվանդանոցների վատ վիճակը՝ «63%», ճանապարհային ենթակառուցվածքների բացակայությունը՝ «47%», մթերքի և վառելիքի գնաճը՝ «32%», տեղի պաշտոնյաների կաշառակերությունը՝ «17%», և այլ խնդիրներ՝ «9%»:

Վերջիններիս 32%-ը Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը դրական է գնահատել, 40%-ը՝ բավարար, 23%-ը՝ բացասական, 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Ինչ վերաբերում է տեղի իշխանությունների աշխատանքին (մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ), ապա հարցվածների 27%-ը դրական է գնահատել, 32%-ը՝ բավարար, բացասական՝ 22%-ը, իսկ 19%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Տնտեսական հեղափոխությանը վերաբերող հարցին Արմավիրի և Արարատի բնակիչների 14%-ը պատասխանել են, որ Հայաստանում իրոք մեկնարկել է տնտեսական հեղափոխությունը, 42%-ի կարծիքով՝ ոչ մի տնտեսական հեղափոխություն չի սպասվում, 27%-ը նշել է, որ այն դեռ չի սկսվել, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել:

«Մարդիկ սպասում են իրական, կոնկրետ գործողությունների, հարցերի լուծման, այլևս խոստումների չեն հավատում»,- նշեց Արման Ղուկասյանը:

«Հարցին, թե ինչպիսի՞ն է Արմավիրի և Արարատի բնակիչների վերաբերմունքը Հայաստանի ներկայիս քաղաքական դասին, հարցվողների 29%-ը պատասխանել է, որ գոհ է ներկայիս քաղաքական գործիչներից և կուսակցություններից, 38%-ը նշել է, որ գոհ է, բայց քաղաքականությանն անհրաժեշտ են նոր դեմքեր, 21%-ի կարծիքով՝ քաղաքական դասը պետք է ամբողջովին վերափոխվի, մաքրվի կաշառակերներից և ոչ պրոֆեսիոնալներից: Այստեղ կարող ենք ասել, որ այն քաղաքական դաշտը, որն այսօր ձևավորվել է, մարդկանց չի գոհացնում:

Հարցրել ենք նաև՝ եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, մարդիկ ինչպե՞ս կընտրեն: Հարցվողների 43%-ը պատասխանել է, որ կընտրի «Իմ քայլին», 14%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 6%-ը՝ «Լուսավոր Հայաստանին», 27%-ը՝ այլ քաղաքական ուժի, 7%-ը վերջին պահին կկայացներ որոշում, 3%-ն ընտրությունների չէր գնա: Սա նշանակում է, որ մարդիկ իրոք էյֆորիայի մեջ չեն ապրում, 1.5 տարի անց մարդիկ սկսել են մտածել ոչ թե էմոցիաներով, այլ ռացիոնալ, և ունեն սպասելիքներ, կոնկրետ գործողություններ են ուզում տեսնել»,- հավելեց Արման Ղուկասյանը:

Նրա փոխանցմամբ՝ արտաքին քաղաքականության հետ կապված երկու հարց են տվել, թե ինչպե՞ս են Արմավիրի և Արարատի մարզի բնակիչները վերաբերվում ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությանը:

«Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների 39%-ը համարում է, որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում է երկրի ազգային շահից, 47%-ի կարծիքով՝ այն կրում է հակասական և անհեռանկարային բնույթ, 7%-ը համարում է, որ այն վնասում է երկրի ազգային շահերին, 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Հաջորդ հարցը վերաբերում էր այլ երկրների տրամադրվածությանը Հայաստանի նկատմամբ, այն է՝ ով է առավել բարիդրացիական տրամադրված մեր երկրի նկատմամբ: Հարցման մասնակիցների 53%-ը նշել է Ռուսաստանը, Եվրամիության երկրները՝ 17%-ը, 23%-ը՝ ԱՄՆ, 5%-ը՝ Չինաստան, և 2%-ը համարում է, որ բոլոր վերը նշված երկրները հավասարաչափ բարիդրացիական տրամադրվածություն ունեն Հայաստանի նկատմամբ»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս