«Չէր ուզել, ուրեմն թող վեր ընկնի տեղը և ապրի նրանով, ինչով ուզում է». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անթույլատրելի է համարում իշխանության որևէ ճյուղի կողմից ճնշումը մեկ այլ ճյուղի վրա, նույնիսկ, եթե այդ ճնշումն առերևույթ արդարացված է։

«Սա շատ վատ բան է, չեմ ուզում օգտագործել «հանցագործություն» բառը, բայց սա նշանակում է, որ մեծ մտածողների կողմից ամրագրված իշխանությունների տարանջատման և փոխադարձ հավասարակշռման սկզբունքը ոտնահարվում է, և այս ամենի համար որևէ արդարացում չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողություններին։

ԱԻՄ առաջնորդի խոսքով, եթե ՀՀ վարչապետն ուզում է համակարգային փոփոխություններ, ապա նրան այդ փոփոխություններն առաջարկվել էին։

«Առաջարկվել էր՝ ինչպես հարազատի, ահա, զավակս՝ առ Սահմանադրության նոր նախագիծ, որով ամեն ինչ փոխվում է՝ երկրի տերն է դառնում քաղաքացին։ Չէր ուզել, ուրեմն թող վեր ընկնի տեղը և ապրի նրանով, ինչով ուզում է։ Չի՛ կարելի իշխանության չարաշահմամբ փորձել հարցեր լուծել»,- հավելեց նա։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ այս ամենը ճնշում է բոլորի նկատմամբ, և հասկանալի է դառնում, որ երկրում չի գործում իրավունքը, այլ գործում է միայն կամայականությունը, քանի որ հրապարակայնորեն կատարվող ցանկացած խուլիգանություն ճնշում է բոլորի նկատմամբ։

«Ես Հրայր Թովմասյանին չեմ սիրում, մասնավորապես՝ Սահմանադրության իմ պատկերացումներին ծանոթ լինելով ու դրանք գնահատելով հանդերձ՝ հետևողական չեղավ, չասաց, թե՝ այս ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարելի է ԱԻՄ-ի ներկայացրած նախագիծը թաքցնել ժողովրդից։ Այ, դրա համար ես իրեն չեմ սիրում, որպես մասնագետ էլ չեմ գնահատում։ Ուզում եմ Հրայր Թովմասյանը հասկանա, որ խոսքն իրեն չի վերաբերում, այլ վերաբերում է իշխանության երեք ճյուղերի հավասարակշռման սկզբունքին»,- շեշտեց Պ. Հայրիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս