Բաժիններ՝

Կրթությունը՝ անհամաձայնությունների տեղապտույտում

Թեև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման, բայց բուհերում և գիտական հաստատություններում անցկացված նախնական քննարկումները վկայում են, որ օրենքի նախագծի այս տարբերակը ևս, նախորդների նման, դիմադրության է արժանանալու։ Բանն այն է, որ այս նախագիծն ուղղակիորեն հարվածում է մի շարք մասնագիտական խմբերի շահերին։ Օրինակ՝ բարձրագույն կրթության և գիտության մասին միասնական օրենքի նախագիծ ունենալը նշանակում է, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ գիտական հաստատությունների միավորում բուհերի հետ, ինչը, բնականաբար, ընդունելի լուծում չէ Ակադեմիայի ինստիտուտների աշխատակիցների համար։ Օրենքի նախագծում առաջարկվում է դեկանների պաշտոնը դարձնել նշանակովի։

Դժվար չէ գլխի ընկնել, որ այս քայլով նոր ռեկտորներին հնարավորություն կտրվի հեշտությամբ ազատվել գործող դեկաններից և նշանակել իրենց համար նախընտրելի մարդկանց։ Աղմուկ բարձրացրած մյուս առաջարկն էլ այն է, որ Հայոց լեզվի և Հայոց պատմության դասավանդելու օրենքով ամրագրված պարտադրանքը հանվում է։ Մի քանի տարի առաջ անցկացված հետազոտության արդյունքում՝ Հայաստանի բուհերի ակադեմիական ազատությունը ցածր էր գնահատվել հենց այն պատճառով, որ բուհերին պարտադրվում է որոշ առարկաների դասավանդում։ Զարգացած երկրներում ընդունված է, որ համալսարանները որոշեն, թե ինչ առարկաներ դասավանդեն։

Մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, որ նախարարության ներկայացրած առաջարկների մեջ որոշակի տրամաբանություն կա։ Կարծում եմ՝ ճիշտ չէ նախարարության մշակած նախագծի մեջ դավադրության տեսություններ փնտրել։ Բայց արդյո՞ք նախարարությունը ճիշտ և առաջնային խնդիրներ է լուծում։ Արդյո՞ք Հայաստանի բարձրագույն կրթության առաջնային խնդիրն Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելն է։ Արդյո՞ք դեկանների ընտրովի լինելն է խանգարում մեզ։

Այս իրավիճակում նախարարության գլխավոր խնդիրն այն է, որ խնդիրների լուծումը ճիշտ տեղից սկսվի։ Իմ կարծիքով՝ նախարարության վերոնշյալ առաջարկություններից յուրաքանչյուրն արժանանալու է լուրջ դիմադրության։ Ու պատճառը ոչ թե այն է, որ դրանք վատ առաջարկներ են, այլ այն, որ դրանք սխալ տեղից են սկսվում։

Կարդացեք նաև

Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը թղթի վրա լավ վիճակում է, բայց փաստացի լուրջ խնդիրներ ունի։ Բարձրագույն կրթության բաղադրիչներն առկա են։ Անցկացվում են ընդունելության քննություններ, ունենք դասախոսներ և ուսանողներ, շենքեր, ուսումնական պլան, միջանկյալ և եզրափակիչ քննություններ։ Բայց այս ամենը չեն ապահովում կրթական միջավայր, այլ ընդամենը ստեղծում են կրթության իմիտացիա։ Համալսարաններն այսօր հիմնականում դաս ու քննություն անցկացնելու վայրեր են։ Պատշաճ ձևով նշվում են նաև հոբելյանները, չհաշված ԵՊՀ 100-ամյակը։

Բայց, երբ իրավիճակին նայում ենք ֆունկցիոնալ տեսանկյունից, այլ բան ենք տեսնում։ Ունենք հաճախումների և սովորելու ցանկության խնդիր։ Սովորելն արժեզրկված է։ Ունենք դասախոսների մոտիվացիայի խնդիր։ Սովորեցնելը պատվաբեր աշխատանք չէ։ Բուհերի գրադարանները կիսադատարկ են և դասերի ավարտից 2-3 ժամ հետո փակ են։ Ունենք լարված հարաբերություններ՝ ինչպես բուհերի միջև, այնպես էլ՝ բուհերի ներսում։ Միակ բանը, որը զարգանում է, թղթավարությունն է։ Ինչպես վերջերս կայացած քննարկումներից մեկի ժամանակ դիպուկ նշվեց. «կարևոր չէ՝ արե՞լ եք, թե՞ չեք արել։ Կարևոր է, որ այդ ամենը թղթի վրա արձանագրվի»։

Բարձրագույն կրթության արդյունքներից դժգոհ է մարդկանց մեծամասնությունը։ Սա նախարարությանը պետք է հուշի, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, անհրաժեշտ է ամենօրյա երկխոսություն ռեկտորների, դասախոսների, ուսանողների, փորձագետների, գործատուների հետ։ Եվ, որ ամենակարևորն է՝ առաջին քայլով անհրաժեշտ է բոլոր շահակիցների հետ երկխոսության արդյունքում հասնել որոշակի համաձայնությունների սկզբունքային հարցերում։

Նախարարությունը շատ լավ գիտեր, որ նախկինում ևս օրենքի նախագծի քննարկումներն արժանանում էին դիմադրության։ Ընդհանրապես, վերջին 5-6 տարիներին Հայաստանի կրթության համակարգում չի հաջողվում ընդունել որևէ ռազմավարական փաստաթուղթ։ Նախարարը ներկայացնում է որևէ փաստաթուղթ։ Այն արժանանում է դիմադրության։ Նախարարը փոխվում է։ Նոր նախարարի օրոք ներկայացվում է փաստաթղթի մեկ այլ տարբերակ, որը նույնպես արժանանում է դիմադրության։ Ու նորից փոխվում է նախարարը, որը խոստանում է նոր փաստաթուղթ ներկայացնել։ Ահա այս սցենարով են վերջին տարիներին ընթանում զարգացումները։ Զրո արդյունք ռազմավարությունների դաշտում վերջին 5-6 տարում։

Մարդիկ չեն հասկանում, թե որ ուղղությամբ է գնում համակարգը։ Չկա մեծ պատկեր։ Չկան մարդիկ, ովքեր մարդկանց կհամոզեն, կկարողանան ներքևից գաղափարներ հավաքել ու մարդկանց ներգրավել։ Օրենքի նախագիծն ու շարադրությունը տարբեր բաներ են։ Շարադրության մեջ կարող ես լավ մտքեր գրել։ Բայց օրենքի դեպքում նույնիսկ կատարյալ շարադրանքը բավարար չէ, եթե դու ներառական ոճով չես աշխատում համակարգի մարդկանց հետ։ Եվ քանի որ չկա մարդկանց հետ աշխատանք, նրանցից յուրաքանչյուրը սկսում է մտածել իր անձնական կամ խմբային շահերի մասին։ Ակադեմիայի մարդիկ մտածելու են, որ հանկարծ իրենց ինստիտուտները չլուծարվեն կամ չմիացվեն բուհերին։ Դեկանները մտածում են, որ հանկարծ իրենց գործից չհանեն։ Հայոց լեզվի և Հայոց պատմության մասնագետներն էլ մտածում են, որ իրենց դասաժամերը չնվազեն։

Ու քանի որ չկա համակարգի մեծ նկարը և այդ նկարը ներկայացնող մարդկանց թիմը (առնվազն 10 հոգանոց թիմի առկայությունը պարտադիր է), նորից հայտնվելու ենք անհամաձայնությունների, անպտուղ քննարկումների ու դիմադրության տեղապտույտում, որի արդյունքում՝ կամ օրենքի ընդունումը անորոշ ժամանակով հետաձգվելու է, կամ քաղաքական մեծամասնությունը պարզապես կողմ քվեարկելով՝ ընդունելու է օրենքը՝ չունենալով համակարգի մարդկանց աջակցությունը։

Եվ այդ դեպքում խնդիրներ են առաջանալու՝ բարեփոխումների հետ կապված, քանի որ կրթության ոլորտում չես կարող էական փոփոխությունների հասնել, եթե չունես համակարգի խաղացողների հետ համաձայնություն սկզբունքային հարցերում։ Այդ համաձայնությունը պետք է ձեռք բերվեր մինչև օրենքի նախագիծը գրելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս