«Ե՛վ Հայաստանից, և՛ Արցախից չպետք է լինեն այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են սրել մթնոլորտը». Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովից հետո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ Վիտալի Բալասանյանի և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների մասին չի խոսել։
«Մենք միշտ էլ հայտնել ենք մեր մտահոգությունը, որ և՛ Հայաստանից, և՛ Արցախից, եթե լինում են՝ չլինեն այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են սրել մթնոլորտը։ Չեմ ուզում սկսել նրանից, թե հավն է առաջինը եղել, թե հավկիթը, այս դեպքում էլ, թե ով սկսեց առաջինը նման հայտարարություն անել։ Լավ մթնոլորտ չի լինի, եթե երկու հանրապետությունների միջև ինչ-որ լարվածություն ստեղծվի, որը կարող է մեր հասարակությանը պառակտման տանել։ Այս ամենը պետք է կանխենք և դրա առաջն առնենք, սակայն սա չի նշանակում, որ մենք Բալասանյանի ասածը միայն այդպես ենք համարում»,- նշեց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք քննարկել են հարցը, թե Բալասանյան-Գրիգորյան «փոխհրաձգությունն» ի՞նչ ազդեցություն կարող է թողնել երկու հանրապետությունների հարաբերությունների վրա։
Հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն նախաձեռնությանը, որ change.org կայքով ստորագրահավաք են սկսել Վիտալի Բալասանյանին ձերբակալելու համար, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն Արցախը Վիտալի Բալասանյանը չէ, և Վիտալի Բալասանյանն Արցախ չէ, ուստի չի ցանկանում այդ հարցին պատասխանել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան