«Ինչո՞ւ հենց Դուք: Ո՞նց որոշվեց, այդ ինչպե՞ս համակարգիչը հենց ձեզ ընտրեց». Ամրամ Մակինյան

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու, նախկինում՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որոմ մասնավորապես ասվում էր.

«Երբ ասում են «այ քեզ հաջողություն»՝ հիմա այս դեպքն է… ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով պաշտպանյալիս՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան և ահա՝ «այ քեզ հաջողություն»… միջնորդության քննարկումը «բախտի բերմամբ» կրկին հանձնարարվում է այն նույն դատավոր Ռոբերտ Պապոյանին, ով իր որոշմամբ արդեն իսկ հաստատել էր Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Հարցեր

1. Ով կարող է լեզու գտնել «ՀԱՄԱԿԱՐԳՉԻ» հետ, որ նա գործերը դատավորներին մակագրի պատահականության սկզբունքով,
2. Եթե համակարգիչը չի մակագրում, այլ՝ դատարանի նախագահը, ապա նրան ինչ վատություն է արել դատավոր Ռոբերտ Պապոյանը, որ այս «ծանր խաչը» միշտ նրան է հանձնում:
3. Երբ է արդարադատությունն իրականացվելու միայն դատարանների կողմից»:

168.am-ի հետ զրույցում, մանրամասնելով ստեղծված իրավիճակը, Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքը Կարեն Խաչատրյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ուր աշխատում են քրեական մասնագիտացմամբ բազմաթիվ դատավորներ:

«Ու «բախտի բերմամբ թե պատահմամբ» իմ միջնորդության քննարկումը հանձնարարում է այն նույն դատավորին, ով ս/թ օգոստոսի 30-ին գտել էր, որ Կարեն Խաչատրյանի նկատմամբ գրավը կիրառելի չէ, կան կալանքի տակ պահելու հիմքեր ու պայմաններ: Տարակուսած ենք դատարանի այս գործողություններից: Ի՞նչ է նշանակում սա…»,-ասաց Ամրամ Մակինյանը:

Վերջինս նշում է, որ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանից ինքը նաև պարզաբանում է ուզել, թե փաստական, իրավական ի՞նչ հիմնավորումներով է իր միջնորդությունը մակագրել այն նույն դատավորին, ով արդեն իսկ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այստեղ շահերի բախում չկա, երբ դատավորն արդեն իսկ ունի ներքին համոզմունք, որ կալանքը Կարեն Խաչատրյանի պարագայում միակ ընդունելի խափանման միջոցն է, Ամրամ Մակինյանն ասաց.

«Այս մարդն արդեն կանխակալ կարծիք ունի, ո՞նց կարող է նա այժմ այլ որոշում կայացնել: Իհարկե, արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ կան նախադեպեր, որ նույն դատավորը երկու ամիս հետո այլ կարծիք է հայտնում, ասում է, որ փաստական, իրավական վիճակ է փոխվել, բայց մենք չենք հավատում դրան»,- նկատեց պաշտպանը՝ հավելելով, որ դատարանի նախագահը դեռ չի պարզաբանել իրավիճակը:

«Ես ուրբաթ օրն եմ այդ մասին իմացել ու անմիջապես նամակ եմ ուղարկել դատարանի նախագահին, որ պարզաբանում տան, թե ինչո՞ւ նույն դատավորը»,- տարակուսեց պաշտպանը:

Նա նշում է, որ օրենսդրական արգելք չկա, բայց այդպես չի կարելի:

«Շուտով մոտենում է նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու ժամանակը: Հոկտեմբերի 27-ին վերջին օրն է: Օրենքով նախատեսված է, որ ամսի 17-ին առնվազն վարույթն իրականացնող մարմինը կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն պետք է ներկայացնի: Դրանից առաջ առնվազն 5 օրվա ժամանակահատվածում դատարանը պետք է քննի: Ես համոզված եմ, կարելի է ասել, որ երկարացման քննությունը նույնպես մակագրվելու է Ռոբերտ Պապոյանին, այսինքն՝ նույն այն մարդուն, ով արդեն իսկ կալանավորել է իմ պաշտպանյալին»,- պնդեց Ամրամ Մակինյանը:

168.am-ի այն հարցին, թե կա՞ արդյոք ողջամիտ ժամկետ, որի ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը պետք է պատասխանի իրենց նամակին, պաշտպանն ասաց, որ դատարանի նախագահն իրենց համար, պարզ է, որ վարույթն իրականացնող մարմին չէ, և որպես վարչական ղեկավարի են դիմել նրան, ու այստեղ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներ չկան նախանշված, սակայն ակնկալվում է, որ ողջամիտ ժամկետում պետք է պատասխանեն:

Հարցին, թե՝ իսկ ի՞նչ ընթացակարգեր կան առհասարակ, ինչպե՞ս պետք է իրենք համոզվեն, որ հենց այդ դատավորին է ընտրել համակարգիչը, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ այդ հարցն ինքը պատրաստվում է տալ նաև գրավի միջնորդությունը քննող դատավոր Ռոբերտ Պապոյանին:

«Ես նրան հարցնելու եմ՝ ինչո՞ւ հենց Դուք: Ո՞նց որոշվեց, այդ ինչպե՞ս համակարգիչը հենց ձեզ ընտրեց: Կամ, եթե համակարգիչը չի ընտրել, ինչո՞ւ հենց Ձեզ մակագրվեց, մի դատավորի, ով արդեն իսկ կանխակալ կարծիք ունի հարցի հետ կապված»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրող կողմի, Կարեն Խաչատրյանը հաստատել է 7 անձի աշխատաժամանակի տեղեկագրեր, ովքեր աշխատավարձ են ստացել, սակայն աշխատանքի չեն ներկայացել:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս