Էջմիածնում նշվում է քաղաքի 2704-ամյակը. տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը
Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:
Տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են բազմաթիվ հյուրեր, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Իրադարձության առիթով իրականացվել են քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքներ:
Միջոցառումները մեկնարկեցին Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստով, որի ընթացքում նշանավոր մարդկանց կշնորհվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումներ:
Տոնակատարությունը կշարունակվի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, որտեղ բացված է էջմիածնեցի նկարիչների գործերի ցուցահանդես: Այս ամենին կհաջորդի «Ռուբեն Նալբանդյան վարպետաց դպրոցի» սաների քանդակների ցուցադրությունը Սբ Մարիանե այգում:
Լինելու են նաև տոնական շքերթ, մարզական և պարային ելույթներ, Քյուֆթայի փառատոն, համերգային ծրագիր, այցելություններ թանգարաններ և այլն:
Միջոցառումները կամփոփվեն տոնական համերգով և
հրավառությամբ: