«Օտարերկրյա գործակալական ցանցին` վետո՛, պետության քանդողներին` վետո՛, եկեղեցին պղծողներին՝ վետո՛…». Նարեկ Մալյան
Մատենադարանի մոտ այսօր տեղի ունեցավ Նարեկ Մալյանի գլխավորած «ՎԵՏՕ» նախաձեռնության հավաքը: Նախաձեռնության անդամների խոսքով՝ ցանկանում են իրազեկել ԵԱՏՄ անդամ-պետությունների և Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» («Սորոսի» հիմնադրամի) վտանգների մասին:
Լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց.
«Սա նախաձեռնության բողոքի ցույցն է՝ ուղղված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի գործունեությանը, մասնավորապես՝ «Սորոսի» գրասենյակին, որը տարիներ շարունակ ֆինանսավորում էր ծրագրեր, որոնք, ըստ էության, ուղղված էին մի շարք արժեքների խափանմանը կամ վերանայմանը: Դա արշավ էր և՛ եկեղեցու, և՛ հայկական ավանդական ընտանիքի և ուժային կառույցների դեմ: Պետական ինստիտուտները վերահսկելի դարձնելու շարժում էր, իսկ այս շարժումը նպատակաուղղված է պետական ինստիտուտների ուժեղացմանը և հայկական արժեքների վերականգնմանը և պահպանմանը»:
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո եկեղեցին թուլացնելու նպատակաուղղված քաղաքականություն է ընթանում:
«Առաջին որոշումը, որ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, Վեհափառ հայրապետին պետական պահպանությունից զրկելն է եղել, և մենք տեսել ենք, որ դրանից հետո, ովքեր տարիներ շարունակ կուտակել էին իրենց մեջ այդ հակաեկեղեցական մաղձը, սկսեցին դրսևորել դա հրապարակներում»,- նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանն էլ հավելեց.
««Բաց հասարակության հիմնադրամն» ամիսներ առաջ վախից փակեց իրենց կայքում գրանտակերների մասին տեղեկատվությունը, այս 22 տարվա մեջ առաջին անգամ այդ անունները թաքուն են պահվում: «Բաց հասարակության հիմնադրամները» «ՎԵՏՕ»-ն դարձրեց փակ հասարակության հիմնադրամներ: Այս պահից սկսած՝ «ՎԵՏՕ»-ն հայտարարում է օտարերկրյա գործակալական ցանցին` վետո, պետության քանդողներին` վետո, եկեղեցին պղծողներին՝ վետո, Սորոսի վաստակներին` վետո, մարդասպան ահաբեկիչներին` վետո, ստին ու կեղծիքին` վետո»,- հայտարարեց նա:
Մալյանը շեշտեց նաև, որ հիմնադրամը «շինծու» հայտարարություններով փորձել է իր դեմ 9 քրեական հետանդում իրականացնել՝ իրեն լռեցնելու նպատակով։
Ապա Հայաստան եկած բարձրաստիճան հյուրերին կոչ արեց համախմբել ուժերը՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ անվտանգության ոլորտում, միանալ «Սորոսի» հիմնադրամի դեմ պայքարին ու այն տարածել նաև իրենց երկրներում։
Նա ռուսերենով ընթերցեց պատրաստած կոչը՝ ուղղված Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Իրանի, Սինգապուրի, ինչպես նաև ԵԱՏՄ ղեկավարներին, որոնք այս պահին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով Երևանում են։
Նշենք, որ Մալյանը կոչ արեց շարժվել Բաղրամյան 26, որտեղ տեղի է ունենում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ ԵԱՏՄ նիստը: Ոստիկանները հայտնեցին, որ ժամանակավորապես սահմանափակված է Երևանի կենտրոնում և Բաղրամյան պողոտայում հետիոտնի և տրանսպորտային միջոցների շարժը:
Անի Կարապետյան