Հայաստանի դեսպանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր
Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։
Դեսպան Սադոյանն էլ, իր հերթին, Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։
Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։