Ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիայի մասին, և ոչ միայն

Քաղաքական ընդդիմության գոյությունը ժողովրդավարության հիմնական և էական առանձնահատկություններից մեկն է: Այսինքն՝ համախմբված ժողովրդավարական համակարգը ենթադրում է ազատ մրցակցության, ինչպես նաև այլընտրանքային գաղափարախոսությունների և ծրագրերի առկայություն:

Ավելին, տվյալ երկրում ժողովրդավարության մակարդակը կարելի է գնահատել գոյություն ունեցող ընդդիմության բնույթի և գործունեության վերլուծության միջոցով, ինչը կարող է չափվել, օրինակ, պլյուրալիզմի որոշակի մակարդակի առկայությամբ: Ընդդիմության վերլուծությունը պետք է կենտրոնանա ոչ միայն ընդդիմության կառուցվածքի, այլև ընդդիմության գաղափարախոսության, քաղաքական կարևոր հարցերում նրա դերի և դիրքի, գործունեության և ճարտասանության վրա: Ակնհայտ փաստ է, որ ընդդիմությունը պետք է ձգտի ու կարողանա հասնել իշխանության և քաղաքական համակարգի զարգացումն ուղղի ժողովրդավարական համախմբման միայն ժողովրդավարական գործընթացի միջոցով։

Քաղաքական գործընթացների համար առանցքային է նաև այն, որ քաղաքական ընդդիմության առաջնորդը պետք է ամրագրի այդ գործընթացը պաշտոնական փաստաթղթերում, իր ելույթներում ու գործողություններում, ինչն էլ պետք է հասկանալի ու ընդունելի լինի իր հետևորդների համար: Անցումային վարչակարգի առանձնահատկություններից է նաև այն, որ քաղաքական դաշտի չինստիտուցիոնալացվածության պայմաններում խարիզմատիկ անհատները՝ ուժեղ կուսակցության աջակցությամբ կամ առանց դրա, նույնպես կարող են հանդես գալ՝ որպես ընդդիմություն «խաղացողներ», ինչը դրսևորվում է նաև Հայաստանում։

Այն քաղաքական խճանկարը, որ այսօր ունենք հայկական ներքաղաքական տիրույթում, բավականին խառնիճաղանջ է և պարզեցման կարիք ունի, քանի որ ընդդիմության սեկտորում իրոք լուրջ վերադասավորումների ու սեգմենտիզացիայի խնդիր, ակնհայտ է, որ առկա է։ Այսօրվա ստեղծված քաղաքական դասավորությունից առերևույթ պարզ է, որ ՀՀ քաղաքական ընդդիմությունն իրոք անելիք ունի, նախ և առաջ, հանրության առաջ պատշաճ ներկայանալու և իր իրական քաղաքական նպատակներն ի ցույց դնելու համար։

Փաստ է, որ ցանկացած հանրության և, ընդհանրապես, քաղաքական համակարգի «առողջ» աշխատանքի համար կարևոր է իրական ինստիտուցիոնալ ընդդիմության գոյությունը, քանի որ, չմոռանանք, որ քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը կազմում է հենց ընդդիմությունը։ Իսկ այսօր այն քաղաքական դաշտը, որն առկա է ՀՀ-ում, հիշեցնում է սոդոմգոմորյան մի սագա, երբ բոլորը բոլորի դեմ են և հնչում է փոխադարձ մեղադրանքների ու մեղքերի շարք։ Եվ ընդդիմության նկատմամբ այդ մարտավարությունը բխում է անձամբ իշխող քաղաքական ուժի գործելաոճից և վերաբերմունքից։

Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ հասարակական էյֆորիան իրական կյանքի հետ բախվելով՝ մարում է, իսկ իր վարկանիշն օր օրի ընկնում է, որովհետև մարդիկ իրական գործեր են պահանջում, այլ ոչ թե կենացներ ու բառակույտ-ելույթներ, ամեն կերպ փորձում է  քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր ուժերի վրա ցեխ նետելու մեթոդով, վարկաբեկել, խլացնել նրանց ձայնը, որպեսզի այդ ֆոնին կարողանա իր վարկանիշը պահպանել։ Նա փորձում է քաղաքական բոլոր ուժերին «փչացնել»։

Նա գտել է քաղաքական դեմքերին և կուսակցություններին «գծերից գցելու» ֆորմուլան և ճգնաժամային իրավիճակներում դիմում է այդ պահուստային քայլին։ Բավական է, որ նա հնչեցնի «վերջին 20 տարիներին կեղեքվելու» հերթական ելույթը, և ֆեյքազոմբիական «բանակը» կազմակերպված կանցնի գրոհի, և կսկսվի անեծքների ու հայհոյանքների շքերթը։ Իսկ արդյո՞ք նման կերպ են կառուցում քաղաքական համակարգ կամ հաստատում պետության հիմնասյուները։

Պարզ է, որ ոչ, ուստի հենց այստեղ է, որ ընդդիմությունը պետք է ասի իր ասելիքը և կոնսոլիդացվի, մի կողմ դնի քաղաքական ամբիցիաներն ու սուր հակասությունները։ Այսօր ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերը միանշանակ շատ չեն, խոսքը ռեալ ու իրական ընդդիմության մասին է, այլ ոչ թե՝ Փաշինյանի սատելիտների։

Պարզ է, որ այսօր Փաշինյանի թիվ մեկ հակառակորդները մի քանիսն են, որոնք մեկուկես տարվա ընթացքում քարը քարի վրա չթողնելով՝ քննադատում են Փաշինյանի անհեռատես ու ռիսկային քաղաքական կուրսը։ Խոսքն առաջին հերթին՝ ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող ուժերի ու Միքայել Մինասյանի ու նրա կողմնակիցների, ինչպես նաև՝ ՀՅԴ-ի մասին է։ Պատահական չէ, որ իր վերջին բաց նամակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ակնարկում էր հենց այդ միասնական ճակատի մասին:

«Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ, եթե տեսանելի ապագայում երկրի առջև ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, քոչարյանականները, այլականները, նորաստեղծները, այս հարցը միայնակ լուծել չեն կարող»,- նշել էր նա։

Միանշանակ պարզ է, որ պառակտված ընդդիմությունն առաջին հերթին ձեռնտու է հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ մասնատված ու հատվածական քննադատությունն իր մեջ ռիսկեր չի պարունակում, այլ բան է, երբ այդ պայքարն ընթանում է լայն ճակատով, կամ այլ բնորոշմամբ՝ ընդհանուր կոնսոլիդացիայով։ Ընդդիմության կազմն այսքանով չի սահմանափակվում, և հնարավոր համախմբման դեպքում չի բացառվում, որ այդ միությանը սատարեն նաև նորաստեղծ հասարակական-քաղաքական այլ նախաձեռնություններ ևս՝ ինչպիսք են «Ադեկվադ»-ը և «ՎԵՏՕ»-ն։

Պետք չէ բացառել նաև այն փաստը, որ այս համախմբման ֆոնին՝ ճակատին իր մասնակցությունը ցուցաբերի նաև ԲՀԿ-ն, որը վերջին շրջանում բավական կոշտ կեցվածքով է պայքարում Փաշինյանի իշխանության դեմ։ Ամփոփելով, թերևս, տեղին է նշել քաղաքագիտական այն կարևոր աքսիոմատիկ ճշմարտությունը, որը դասական բոլոր առումներով համապատասխանում է Փաշինյանի դեպքին․ որպես կանոն՝ ընդդիմադիր գործիչները, գալով իշխանության, երբեմն մոռանում են իրենց կողմից ժամանակին հռչակած արժեքները, նորմերը և գաղափարները և դրանք սկսում են մեկնաբանել իրենց համար շահավետ տեսանկյունից ու օպտիմալ տարբերակներով:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս