«Հեգնում է, ծաղրում է. իրենց անպատժելիությունը հասցրել է դրան». Ի՞նչ է կատարվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ում
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանը տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում է ստացել:
Ծանուցումն ու ծանուցման տեքստը անհասկանալի է Դ. Գրիգորյանի համար: 168.am–ի հետ զրույցում նա ասաց. «Երբ նոր նշանակվեց տնօրենի պաշտոնակատարը, նորմալ ընդունեցինք՝ չնայած որևէ տրամաբանական կապ չկա իր և այս գիտական կենտրոնի միջև, վերջապես սա գիտական կենտրոն է և այս կենտրոնի ղեկավարները միշտ եղել են նաև գիտության գործիչներ: Լավ՝ նշանակվեց, ասեցինք՝ երիտասարդ տղա է, կօգնենք, բայց միանգամից տարածվեց, թե առողջապահության նախարարի մտերիմն է, ինչ խոսեք, իմացեք՝ նախարարի մոտ եք խոսում, սկսեց նորմալ աշխատակիցներին սպառնալ, թե կազատի աշխատանքից: Երբ հերթը հասավ իմ բաժնին, բժիշկներին առաջարկեց կես դրույքով աշխատել, նրանք չհամաձայնեցին, սկսեց նկատողություններ գրել: Ասացի՝ լավ մասնագետներ են, ինչո՞ւ գնան: Այդ օրվանից սկսվեց կոնֆլիկտը»:
Սեպտեմբերին բժիշկ Դ. Գրիգորյանը ստացել է նաև աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում: Նա ծանուցման տեքստի բովանդակությունն աբսուրդ է համարում. «Սեպտեմբերի 9-ին կանչեց վերև, ծանուցագիրը բարձրաձայն ընթերցեց իր մի քանի մտերիմ նոր ընդունած աշխատակիցների ներկայությամբ, թե «նույն կազմակերպությունում Ձեր մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան չկա թափուր հաստիք, ուստի առողջական վիճակին համապատասխան առաջարկվում է տնտեսական բաժնում բանվորի կամ տեխնիկի պաշտոնը». Հեգնում է, ծաղրում է. իրենց անպատժելիությունը հասցրել է դրան: Ծանուցումը վերցրի, ուղարկեցի փաստաբանիս: Ինքն ինձ գիտական բաժնից էլ էր առանց բացատրության ազատել աշխատանքից՝ միակողմանի խզելով պայմանագիրս»:
Թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել նաև նույն կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը, մասնավորապես նշելով, որ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ կենտրոնն ունեցել է մոտ 30 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություններ, և ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք գործընթացներ են նախաձեռնվել, այդ թվում՝ նաև հաստիքացուցակի օպտիմալացում:
Դավիթ Գրիգորյանի հարցին անդրադառնալով՝ նա նշել էր. «Հատուկ ուզում եմ շեշտել, որ որևէ աշխատակցի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել և իմ որոշումներում երբեք չեմ ցուցաբերել անձնավորված մոտեցում: Բացառապես իրականացրել եմ իմ կանոնադրական պարտավորությունները։ Հարկ եմ համարում նշել, որ մամուլից եմ տեղեկացել այն մասին, որ Դ․Գրիգորյանը ծանուցումից վրդովվել է։ Ծանուցման բովանդակությունը ամբողջությամբ կազմվել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։ Նախապես ենթադրելով, որ բանվորի կամ տեխնիկի աշխատանք առաջարկելը կարող է տարօրինակ թվալ լաբորատոր մասնագետին, ծանուցման տեքստը ընթերցելիս մի քանի ականատեսների ներկայությամբ նրան պարզաբանել եմ, որ նրա մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չլինելու պատճառով և ելնելով օրենքի պահանջից՝ նրան եմ առաջարկում իր առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, որից ըստ օրենքի՝ աշխատակիցը իրավունք ունի հրաժարվել»:
Այս պարզաբանումը, սակայն, վրդովվեցրել է Դավիթ Գրիգորյանին. նա պնդում է, որ իր հանդեպ թիրախավորված վերաբերմունք է եղել տնօրենի պաշտոնակատարի կողմից, իսկ դրա ապացույցներն են բազմաթիվ նկատողություններն ու բացատրագրերը. «Որ աշխատանքային որևէ կոնֆլիկտ չունի, էդ ի՞նչ բացատրագրերի շարք էր՝ 12 րոպե բացակայել ես՝ նկատողություն, ուշանում ես 5 րոպե՝ բացատրագիր, միայն ինձ էր վերաբերում դա. մարդ կա, որ 10-ին էր գալիս աշխատանքի, այն դեպքում, երբ այն սկսվում է 9-ին, բայց աչք էր փակվում»:
Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչը տեղեկացրեց, որ արդեն մի քանի հայցերով դատարան դիմել է, ծանուցման մասով նույնպես կդիմի. «Այստեղ զուտ սկզբունքայնության հարց է, քանի որ ինձ ճանաչողները գիտեն՝ ես աշխատանքի խնդիր չունեմ. արդեն տարբեր առաջարկներ եմ ստանում տարբեր կենտրոններից»:
Զարուհի Դիլանյան