Բաժիններ՝

Վարորդները կսթափվեն. ԱԺ-ն ընդունել է վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տուգանքների բալային համակարգի ստեղծումը նախատեսող փոփոխությունների նախագիծը։

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի փոխանցմամբ՝ խախտում գրանցվելու դեպքում այդ 9 բալից ավտոմատ կերպով կհանվեն տուգանային միավորներ։ Նշենք, որ խոսքը 0,5, 1, 2, 3, 4 բալանի խախտումների մասին է։ Եթե մեկ տարվա ընթացքում այդ 9 բալը սպառվի, ապա վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսով։ Այս ժամկետի ավարտին իրավունքը նորից կվերականգնվի, ինչպես նաև կտրամադրվեն նոր 9 բալեր։ Եթե վարորդը երկրորդ անգամ ևս սպառի իր 9 բալերը, ապա այս անգամ նրան մեկ տարով կզրկեն վարորդական իրավունքից։ Միևնույն ժամանակ, եթե վարորդական իրավունքից զրկված մարդը մեքենա վարի, նրան սպառնում է 200-300 հազար դրամ տուգանք կամ մինչև երկու տարի ազատազրկում։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը սա երթևեկության վերաբերյալ եզակի դրական ռեֆորմներից մեկն է համարում:

«Վարորդները կսթափվեն, ինչը կնպաստի խախտումներ չանելուն, իսկ վթարները խախտումների հետևանքով են: Սա պարտադիր պետք է կիրառվի, որովհետև դժբախտ պատահարների ու զոհերի թիվը գնալով շատանում է: Օրենքն ի սկզբանե ընկած չէ վարորդների հետևից, նպատակը երթևեկության մեջ պարբերաբար վտանգավոր և  դիտավորյալ խախտումներ իրականացնողներին երթևեկությունից մեկուսացնելն է:

Կան որոշակի նորմեր, որոնք վերահսկողական մեխանիզմներ չեն կիրառում, օրինակ՝ եթե ՌԴ քաղաքացին գա ու Հայաստանում իր վարորդական վկայականով մեքենա վարի ու խախտումներ կատարի, իր նկատմամբ բալային միավորներ չեն կիրառվի: Սա մի կողմից՝ կարող են թերացում համարել, մյուս կողմից էլ՝ բացթողում: Իսկ այն, որ նշում են, թե կարող է մեկ ուրիշ մարդ վարել մեքենան, խախտում կատարել ու այդ կերպ խուսափեն պատասխանատվությունից, ասում են մարդիկ, ովքեր օրենքից  նույնիսկ մի քանի տող չեն կարդացել, որովհետև օրենքը լրիվ հստակեցնում է այդ մեխանիզմը, ու նման դեպքերում մեքենան նաև տուգանային հրապարակ են տանում:

Գործելու է ավտոմատ համակարգ, տեսախցիկն արձանագրելու է ամեն ինչ: Տարբեր մեթոդներ են մշակվել,  համաձայն որոնց՝ բալերը կհանվեն այն մարդուց, ով իսկապես վարել է մեքենան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց   «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը:

Հարցին՝ օրինակ Գերմանիայում նույն խախտումը տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Իդիոտ-թեստ» են անցնում, ուղարկում են հոգեբանի մոտ ստուգվելու, սա նո՞ւյնպես կիրառվելու է Հայաստանում, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց.

«Այնտեղ ըստ վտանգավորության աստիճանի՝ խախտումների ցանկ կա: Վարորդներին տանում են հոգեբանական կուրսերի մասնակցելու, որից հետո այդ մարդու կյանքը վերածվում է քաոսի: Այն կարող է տևել մեկ տարուց ավելի շատ: Այդ կուրսերին հաճախելուց հետո վարորդը նոր քննություն է տալիս: Կարծեմ, եթե հաջող չես հանձնում, արգելվում է ինչ-որ ժամանակահատված քննություն հանձնել:

Այսինքն՝ այնտեղ շատ խիստ է: Միգուցե Հայաստանում էլ հետագայում կիրառվի, բայց այս մեր նոր օրենքով բոլոր վարորդների հետևից ընկած չեն, նպատակը պարբերաբար դիտավորյալ խախտումներ իրականացնողներին մեկուսացնելն է: Եթե զգան, որ օրենքը ոչ այնքան արդյունավետ է կիրառվում, գուցե այլ միջոցառումներ կիրառվեն, օրենքն ավելի զարգացնեն՝ մինչև «Իդիոտ-թեստ» կոչվածին հասնելը, որովհետև կարծում եմ՝  մեզ մոտ, այնուամենայնիվ, դրա պահանջը կա»:

«Գերմանիայում այդ թեստին այնպիսի անուն են տվել, որ մարդ չուզենա դրան հասնել: Դեռևս այդ ինստիտուտը չունենք, որ հանրության հետ անմիջական շփում լինի, հոգեբաններ աշխատեն: Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, եթե վթարի ժամանակ անչափահաս երեխա է մեքենայում եղել, կամ նկատել են, որ ամրակապված չի երթևեկում, ծնողներն անգամ խնամակալության իրավունքից կարող են զրկվել: Բայց պարտադիր ուղարկում են հոգեբանի մոտ, զրուցում են: Մեզ մոտ անգամ հաստատված կառույց չկա, որ կարողանա իր վրա վերցնել այդ պարտականությունները: Ամեն դեպքում, բալային համակարգը  նոր քայլ է մեր երթևեկության մեջ և շատ մեծ փոփոխություն է»,- շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ասաց Դավիթ Պեդանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս