«ՍԴ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո պարզ կլինի՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելո՞ւ է, թե՞ ոչ». Սահմանադրագետ

Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Որոշման հրապարակումից հետո սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է ենթադրում ՍԴ-ի որոշումը։

«Քրեական դատավարության 35-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում որևէ նորմ ու կարգավորում, հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ՝ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դրանով հակասահմանադրական է։ Հենց դրանով խախտվել է երկրորդ նախագահի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը։

Այսինքն՝ անձնական ազատության իրավունքի խախտումը կարող է խախտվել այն դեպքերում, երբ այն սահմանափակվում է։ Տվյալ պարագայում բոլորիս հայտնի է, որ նրա ազատությունը սահմանափակվել է և սահմանափակված է ներկայումս։ Դրանով իսկ այն հակասում է ՀՀ սահմանադրության անձնական ազատության իրավունքին, 61 և 63-րդ հոդվածները նախատեսում են արդար դատաքննության իրավունքը, իսկ 78-րդ հոդվածն արդեն վերաբերում է ընթացակարգային  երաշխիքներին։ Քրեական դատավարության օրենսգրքում չկա որևէ նորմ, որը կկարգավորեր նման կարգավիճակով օժտված անձի արդար դատաքննության իրավունքը, երբ խոսքը գնում է իր խափանման միջոցի մասին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն իր որոշման երկրորդ կետով էլ անդրադառնալով կալանավորման հոդվածին՝ նշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։

Ըստ նրա՝ այստեղ պետք է նկատի ունենալ, որ 35-րդ հոդվածն ընդհանուր նորմ է, իսկ 135-րդ հոդվածն ավելի նեղ կարգավորում է նախատեսում։

«Այսօր Բարձր դատարանի կողմից նշվեց, որ 35-րդ հոդվածը չի կարող կիրառվել, այսինքն՝ կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ, խախտել է վերջինիս ազատության իրավունքը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, Արամ Վարդևանյանը նշեց, որ, երբ ծանոթանա ՍԴ-ի որոշմանն ամբողջապես, այն ժամանակ էլ կարող է ասել՝ քրեական հետապնդումը դադարեցվելո՞ւ է, թե՞ ոչ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս