Լևոն Քոչարյանը դեռ չգիտի, թե ինչ է ենթադրում ՍԴ-ի որոշումը. սպասում է փաստաբաններին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօր Սահմանադրական դատարանն արդար որոշում կկայացնի և ճնշումների չի ենթարկվի։
Թե դրանից հետո որոնք կլինեն իրենց հետագա քայլերը, Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ ամենն արդեն փաստաբանական խմբի տիրույթում է։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ քննարկում է արել և որոշել այնպիսի տարբերակ ընտրել, որպեսզի ՍԴ-ի որոշումը լինի իրենց սրտով, Լևոն Քոչարյանը նշեց, որ ոչինչ չի բացառում։
«Եթե եղել են նման քննարկումներ և ճնշման փորձեր, ապա այսօրվա որոշումից պարզ կդառնա, թե որքանով են այդ ճնշումներն արդյունավետ եղել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է հայտնի գաղտնալսումներին, Լևոն Քոչարյանը հիշեցրեց, որ դրանից պարզ դարձավ, որ դատական համակարգում տեղի ունեցող ամեն ինչի մասին զեկուցում էին ՀՀ վարչապետին։
«Այսօրվա իշխանությունները տարիներ շարունակ մեղադրել են նախկին իշխանություններին դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու համար, գուցե դա ենթադրություն էր, կամ եղել է՝ չգիտեմ, բայց այսօրվա դրությամբ այդ ամենը փաստ է»,- շեշտեց նա։
ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո Լևոն Քոչարյանը կրկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ չգիտի՝ ինչ է տեղի ունեցել, սպասում է փաստաբաններին, որպեսզի հասկանա, թե ինչ է իրենից ենթադրում ՍԴ-ի որոշումը։
Նշենք, որ սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ՍԴ որոշումից հետո լրագրողներին ասաց, որ ՍԴ-ն իր որոշմամբ օրինաչափ չի համարել Ռ. Քոչարյանի կալանավորումը։
Հիշեցնենք, որ երեկվանից ՍԴ-ն քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցը։
Զվարթ Խաչատրյան