ԱՄՆ-ը կրճատում է Աֆղանստանում իր զորքերի թիվը
Միացյալ Նահանգները 5000-ով կրճատելու է Աֆղանստանում իր զինվորականների թիվը, որն այս պահին հասնում է 14 հազարի։ Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի բանակցող Զալմայ Խալիլզադի ու Թալիբան խմբավորման միջեւ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք հասել Թալիբանի հետ, սակայն, վերջնական որոշումը կայացնելու է Միացյալ նահանգների նախագահը», – հայտարարել է Խալիլզադը:
Ամերիկյան զորքերի դուրսբերումը իրականացվելու է համաձայնության հաստատմանը հաջորդող չորս ամիսների ընթացքում: Փոխարենը Թալիբանը համաձայնել է խզել բոլոր կապերը Ալ Քայեդա ահաբեկչական խմբավորման հետ եւ երաշխավորել, որ Աֆղանստանը որեւէ կերպ չի սատարելու Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների դեմ ահաբեկչությունների կազմակերպմանը:
Արդեն համաձայնություն ձեռք բերելուց հետո Թալիբանը սակայն որոշել է իր իսկ ներկայացուցիչների խոսքով, ամրացնել իր դիրքերը՝ կազմակերպելով ահաբեկչություն հենց Աֆղանստանի մայրաքաղաքում: Միջազգային կազմակերպությունների գրասենյակների կենտրոն հանդիսացող Քաբուլի Կանաչ ավանում Թալիբանի կողմից կազմակերպված ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել՝ 119 մարդ:
Թալիբանի խոսնակ Զաբիհուլա Մուջահիդն Associated Press-ին ասել է, որ խմբավորմանն անհրաժեշտ է մասնակցել բանակցություններին ուժեղ դիրքերից: Նրա խոսքով, ահաբեկչությունն ուղղված էր օտարերկրյա գրասենյակների դեմ, իսկ տեղացի քաղաքացիները, որոնք զոհվել կամ տուժել են, պետք է գիտակցեին, որ օտարերկրյա գրասենյակների կողքին ապրել չի կարելի:
Աֆղանստանի ներքին գործերի նախարար Նասրաթ Ռահիմին հայտարարել է, որ դեպքի վայրում գտնվող օտարերկրյա ավելի քան 400 անձանց հնարավոր է եղել տարհանել: Ահաբեկչություն իրականացրած մահապարտը սպանվել է պայթյունից, ահաբեկչության եւ հինգ մասնակիցներ ոչնչացվել են ոստիկանության կողմից: