«Պատկերացրու, որ Արցախի (լեզուս չի պտտվում) անկման դեպքում կկորցնենք ողջ Հայաստանը». Ավետիք Իշխանյանը՝ Զարուհի Մեջլումյանին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԿԱՐԴԱՑԻ և ԶԱՐՄԱՑԱ

Կարդացի իմ սիրելի Զարուհի Մեջլումյանի, ինձ համար բոլորովին անսպասելի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»։

Մի կողմ թողնենք, Արցախի որպես երկրորդ հայկական անկախ պետության հարցը։ Ընդունենք, որ Արցախն արդեն միջազգայնորեն ճանաչված պետություն է։ Ուրեմն` ի՞նչ, այլևս Հայաստանի Հանրապետությունը պետք է «ձեռքերը լվանա» և չլինի՞ Արցախի անվտանգության երաշխավորը։

Ախր, սիրելի Զարուհի, նույնիսկ եթե դու էլ ընկել ես տարբեր քարոզչական ազդեցությունների տակ և չես սիրում Արցախն ու արցախցիներին, թեկուզ զուտ էգոիստական նկատառումներով՝ պատկերացրու, որ Արցախի (լեզուս չի պտտվում) անկման դեպքում կկորցնենք ողջ Հայաստանը։ Այնպես որ, Արցախում զինվորական ծառայությունն ապահովում է մնացած ողջ Հայաստան աշխարհի (Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն) անվտանգությունը։

Եվ վերջապես, ինչո՞ւ չես ընդվզում, երբ հայ զինվորները ծառայում են այլ, այս անգամ իսկապես օտար պետություններում՝ Կոսովո, Աֆղանստան, Իրաք, Սիրիա։

Հ․Գ․ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի խոսքին, ապա այդպես մտածողներ կան նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ուստի, զինծառայություն չպետք է անցնել նաև Հայաստանի հանրապետությունում»:

Հիշեցնենք, որ ՊՎԾ (Պետական վերահսկողական ծառայություն) նախկին մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ կիսվել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի՝ aravot.am-ին տված հարցազրույցով և կից գրել էր հետևյալը.

«Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»:

Տեսանյութեր

Լրահոս