Հնդկաստանում ազգայնականները կոչ են արել դադարեցնել Չինաստանից ապրանքների գնումը. NDTV
«Սվադեշի ջագարան մանչ» հնդկական ազգայնական կազմակերպությունը կոչ է արել չգնել չինական ապրանքներ, ինչպես նաեւ տնեսական պատժամիջոցներ սահմանել ՉԺՀ-ի ընկերությունների դեմ: Ինչպես հայտարարել է կազմակերպության առաջնորդ Աշվանի Մահաջանը, այդ միջոցառումները պետք է դառնան «պատասխան Չինաստանին» այն բանի համար, որ Պեկինն Իսլամաբադին պաշտպանեց Ջամուի եւ Քաշմիրի հարցում:
«Այնպիսի ընկերությունների առջեւ, ինչպիսին Huawei Technologies Co տեխնոլոգիական հսկան է, ապագայում պետք է փակվի մուտքը հնդկական շուկա, իսկ չինական ընկերություններին պետք է արգելվի մասնակցել պետության կողմից անցկացվող հայտամրցույթներին»,- Մահաջանի խոսքը մեջբերել է NDTV հեռուստաալիքը:
Կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ չինական ընկերություններն սպառնալիք են ներկայացնում Հնդկաստանի անվտանգությանը, հատկապես հեռահաղորդակցությունների ոլորտում: Մահաջանը հայտնել է, որ իր կազմակերպությունը նամակ է ուղարկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Չինաստանի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: