Բրազիլիայի իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել Ամազոնիայում մոլեգնող հրդեհների կապակցությամ
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն կարգադրել է ճգնաժամային շտաբ ստեղծել բրազիլական Ամազոնիայում մոլեգնող հրդեհների կապակցությամբ: Համապատասխան որոշումը, ինչպես հայտնել է Record TV հեռուստաալիքը, ընդունվել է պետության ղեկավարի մոտ օգոստոսի 22-ի երեկոյան կայացած արտակարգ խորհրդակցության ընթացքում:
Պաշտպանության, պետանվտանգության, արտաքին գործերի, շրջակա միջավայրի նախարարների, ինչպես նաեւ իր վարչակազմի անդամների հետ կայացած հանդիպման արդյունքներով Բոլսոնարուն հանձնարարել է բոլոր նախարարություններին՝ իրենց իրավասությունների շրջանակում առաջարկություններ ներկայացնել «ազգային հարստության» հետ կապված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ: Ինչպես սպասվում է, ճգնաժամային շտաբի մոտակա նիստը՝ ընդլայնված կազմով, կկայանա օգոստոսի 23-ին:
Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում:
Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը:
Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել է քննադատությունը նախագահի եւ կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար:
Հրդեհների դեմ պայքարում Բրազիլիային իրենց օգնությունն են առաջարկել Արգենտինան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին եւ Էկվադորը: Հրդեհների կապակցությամբ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ «այդ արտակարգ իրադրությունն» անհրաժեշտ է քննարկել Բիարիցում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: