Գրադարաններից գողության գործով ցուցմունքներ են տալիս ամբաստանյալները
Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանից գողության գործով այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը:
Ըստ «Փաստինֆոյիե՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի օգոստոսի 15-ի նիստում ցուցմունքներ տված վկա Աիդա Սամսոնյանը հաստատել է, որ իր տունը վարձակալությամբ հանձնել է գործով գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլուն:
Վարձակալության պայմանագրի կնքմանը ներկա է եղել նաև Վ. Ազարիաշվիլու ընկերը՝ Վլադ Տրուբիցինը: Վկան փաստել է նաև, որ խուզարկության ժամանակ տնից հայտնաբերվել են սև դիմակներ, կողպեքներ, բանալիների մեծ խուրձ, գործիքներ: Այն հարցին, թե դրանք ու՞մ են պատկանել, վկան պատասխանել է. «Պատկանում են այն անձին, ով վարձակալել է տունը»:
Գործով ևս երեք վկաներ դեռևս չեն հարցաքննվել՝ նրանք գտնվում են հանրապետությունից դուրս: Նրանց հարցաքննությանը դատարանը կանդրադառնա ավելի ուշ: Մինչ այդ, դատարանը փոխել է ապացույցների հետազոտման կարգը և սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը:
Առաջինը ցուցմունքներ տվել է ամբաստանյալ, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանը, ով մասնակիորեն ընդունել է մեղադրանքը:
Նա խոստովանել է, որ Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլուն 17 գիրք է տվել՝ 6000 դոլարի դիմաց: Գայթակղվել է, սակայն հետո, երբ զգացել է, որ «շատ վատ բան է արել», խնդրել է վերադարձնել գրքերը՝ պարտավորվելով վերադարձնել դրանց համար վճարված գումարը: Միաժամանակ նա հերքել է, թե Վ. Ազարիաշվիլին իրեն նույնպես 9000 դոլար է տվել գրքերի դիմաց: Ըստ նրա, Վ. Ազարիաշվիլին 9000 դոլարը իրեն սոսկ ի պահ է տվել:
Նախաքննության ընթացքում տված ցուցմունքում ամբաստանյալը հայտնել էր, որ 9000 դոլարը Վ. Ազարիաշվիլին նույնպես տվել է գրքերի դիմաց: Ամբաստանյալի գնահատմամբ, դա միայն ենթադրություն է եղել: Ամբաստանյալ Վաժա Ազարիաշվիլին հարցրել է, թե երբ է նա մտադիր հետ վերադարձնել իր 9000 դոլարը:
Իր դատաքննական ցուցմունքում ամբաստանյալը պարբերաբար նշում էր, որ գրքերը հին էին, վերացման ենթակա, քանի որ սնկային հիվանդություն ունեին: Իսկ Վ. Ազարիաշվիլին միջնորդեց դատարանին հետազոտել այդ գրքերի վիճակը: Նախագահող դատավորը խորհուրդ է տվել ցանկության դեպքում միջնորդությունն անել համապատասխան փուլում, և դատարանն այն քննության կառնի:
Մեղադրող Աշոտ Նադոյանը միջնորդել է դատարանին ժամանակ տրամադրել իրեն ամբաստանյալ Հ. Դուրգարյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները ճշտելու ու դատարանին ներկայացնելու համար:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 27-ը: