Էժան պոպուլի՞ստ, թե՞ շարքային հեքիաթասաց

ՀՀ քաղաքական դաշտում ամռան սեզոնին բնորոշ որոշակի պասիվություն է նկատվում, քանի որ քաղաքական ուժերը մի տեսակ քաղաքական արձակուրդ են հայտարարել: Դրան զուգահեռ, սակայն, բավական ակտիվ է Արցախի քաղաքական առօրյան: Վերջին օրերի զարգացումները մի յուրահատուկ միքս են ստեղծել: Նախօրեին Արցախում համահայկական օրակարգով կայացած հանրահավաքը, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ և Արցախի իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի, հետաքրքրական հանգրվան ունեցավ:

Նշենք, որ վաղը մեկնարկող համահայկական խաղերի բացման արարողությունը նախատեսված է Ստեփանակերտում, և դա առիթ հանդիսացավ քաղաքական ուժերին մի առանձնահատուկ ռեսթայլինգ անել իրենց տեսլականը: Մասնագիտական հիմնավորումների տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանի տված խոստումները պոպուլիստական են թվում, որովհետև տեսանելի չէ, օրինակ, թե 2050 թվականին Հայաստանն ինչպիսի հրաշքով կարող է ունենալ 5 միլիոն բնակչություն։

Ի դեպ՝ նշենք, որ դեմոգրաֆիական խնդիրների հետ կապված՝ դեռևս ամիսներ առաջ լուրջ ուսումնասիրություններ է սկսել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որտեղ տարբեր թեզեր ու մոտեցումներ էին քննարկվում ՀՀ առաջիկա 30 տարվա բնակչության կազմի մասին: Տեղին է հավելել, որ Փաշինյանի հնչեցրած 2050 թվականը գրեթե ոչնչով չի զիջում ամիսներ առաջ ԱԺ «իմ քայլ»-ական պատգամավոր Արման Եղոյանի հնչեցրած այն թեզին, որ գործող իշխանությունները նպատակ ունեն առաջիկա 40 տարիներին իշխել Հայաստանում: Այս հայտարարությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) քաղաքական ակտիվը Փաշինյանին ուղղված քննադատական ու հեգնական հրապարակումներով հանդես եկավ՝ այս ամենը մի տեսակ հեքիաթասացություն որակելով:

Ինչպես իր բոլոր ելույթներում, ստեփանակերտյան ելույթում նույնպես Փաշինյանն իրեն բնորոշ պոպուլիզմով առաջնային պլանում դրեց «թավշյա հեղափոխության աննախադեպությունը»:

Այսինքն՝ նա իրեն բնորոշ ոճով հերթական անգամ դիմեց ամբոխահաճո հայտարարությունների՝ փորձելով հնարավոր բոլոր մանիպուլյատիվ մեթոդներով ազդել մարդկանց ենթագիտակցականի վրա: Պատահական չէր, որ, ինչպես բնորոշ է ժամանակի ամենամանիպուլյատիվ թերթի գլխավոր խմբագրին, նա իր խոսքում փորձեց շրջանառության մեջ դնել «Միացում» տերմինը, որը ժամանակին՝ 1988-ի գլխավոր լոզունգներից մեկն էր: Ակնհայտ է, որ այս կերպ Փաշինյանը դիմեց հերթական նոստալգիկ ավանտյուրային՝ փորձելով այս կերպ խաղալ մարդկանց նուրբ զգայարանների վրա և ստեղծել 1988-ի պատրանքի մի դրվագ: Նա իր այդ քայլով փորձ արեց ժողովրդի մոտ ստեղծել արհեստական էյֆորիկ հերթական միջավայրը և համահայկական կերպար ստեղծել իր անձի շուրջ:

Նա իր այդ քայլով հերթական կեղծ օրակարգն է փորձում ներդնել հանրային շրջանակներում, որպեսզի որոշ ժամանակով ուշադրություն շեղելու իմիտացիան ապահովի: ՀՀ և Արցախի միացման մասին հայտարարություն անելով՝ Փաշինյանը նաև փորձեց որոշակի սիրաշահել ՀՀ քաղաքական սեպարատ սեգմենտի որոշ շրջանակների, և սա ևս ունի հետաքրքրիր ենթատեքստ: Ըստ էության, 4-5 անգամ «Միացում» գոռալը բանակցային գործընթացում տակտիկական փոփոխություն է ենթադրում, նաև ինչ-որ առումով Ադրբեջանի համար լեգիտիմ հիմք է ստեղծում՝ ռազմական գործողություններ սկսելու համար:

Այս ամենին զուգահեռ՝ կարող եք արձանագրել, որ նախօրեին Փաշինյանը Ստեփանակերտում բացառեց բռնությունների գործադրումը ներհայկական հարաբերություններում՝ Արցախի ընտրական կամպանիայի գլխավոր դերակատարներին հասկացնելով, որ պաշտոնական Երևանը չի հանդուրժելու արկածախնդրության, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված որևէ դրսևորում։ Նա փաստացի բարձրաձայնեց քաղաքական լեգալ պայքարի անհրաժեշտության մասին՝ այս իմաստով իր աջակցությունը հայտնելով Արցախի գործող իշխանությանը: Սակայն Փաշինյանի պահվածքը, այնուամենայնիվ, որոշակի անհասկանալի ու երկակի միտումներ է իր մեջ պարունակում:

Դեռ երկու շաբաթ առաջ լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել էին, որ Ստեփանակերտում հանդիպել են առաջին հայացքից ոխերիմ երկու հակառակորդները՝ Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը, նույնիսկ պայմանավորվել՝ համագործակցության, իսկ իրականում՝ իրար չխանգարելու մասին, իսկ այժմ էլ արդեն իսկ նկատելի է այդ հանդիպման առաջին առարկայական պտուղները:

Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ այս մերձեցումը տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների անմիջական վերահսկողության ներքո: Արդեն իսկ ակնհայտ է, որ այդ պլանները նոր չեն ծրագրվել, և այս ամենն ընդհանուր ծրագրի շրջանակներում է: Եթե Արայիկ Հարությունյանի կապը ՀՀ իշխանությունների հետ նկատելի էր դեռ մեկ տարի առաջ, ապա Սամվել Բաբայանի դեպքում իշխանության հետ կապի վերաբերյալ միայն մեկ հայտարարություն կար, երբ վերջինս մեկ տարի առաջ հայտարարեց, որ Արցախի քաղաքական կյանք մուտք կգործի այն դեպքում, եթե այդ մասին լինի ՀՀ նոր իշխանությունների կամքը:

Ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը մի յուրահատուկ միքս է անում Արցախում՝ նախ մի ձեռքով փորձում է չնեղացնել և հաճոյանալ Բակո Սահակյանին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մյուս քայլով՝ չնեղացնել առաջիկա ընտրությունների մասնակից թեկածուներին, և մի առանձին տակտիկայով խաղում նրանց հետ:

Ի դեպ, հետաքրքիր էր այն հանգամանքը, որ մինչ Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը պայքարում են ՀՀ իշխանություններին հաճոյանալու համար և ակնկալում նրանց կողմից սատարում, Փաշինյանը երեկվա հանրահավաքում Արցախի հաջորդ նախագահի իր «թեկնածուի» անունն է առաջ քաշում՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, որն Արցախի Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանի քրոջ որդին է։

Երեկվա հանրահավաքի հետ կապված դիտարկենք ևս մի առանցքային դրվագ: Նախագահ Սահակյանի և Փաշինյանի ելույթների ժամանակ հանրահավաքի մասնակիցների մի փոքր հատված պարբերաբար հայտարարություններ էին հնչեցնում՝ ի պաշտպանություն ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի: Ակնհայտորեն սա էժան ու պոպուլիստական քայլ էր, և իր այս վարքագծով Բաբայանը վերջնականապես դուրս մղվեց քաղաքական արենայից՝ համալրելով մարգինալների շարքը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս