Հայաստանից վեց ամսից ավելի բացակայողներին կտուգանեն
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
«Ազատություն» ռ/կ-ի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով:
Փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ այս օրենքը ավելի է մեկուսացնում Հայաստանը արտաքին աշխարհից, ինչպես նաև դրանով խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:
«Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ սահմանները վերացվեն, որ մարդու տեղաշարժը աշխարհում հնարավորինս լինի ազատ և առանց որեւիցե խոչընդոտների, իսկ մենք Հայաստանը մեկուսացնում ենք աշխարհից, նորից դնում ենք սահմաններ: Եթե նպատակ ունեն արտագաղթը կանխելու, ապա (ասեմ, որ) մարդիկ գնում են, որովհետև ուզում են գումար աշխատել, աշխատանք գտնել, որովհետեւ տեղում չկա այդ աշխատանքը: Այդպես արտագաղթ երբեք չեն կանխի»,- ռադիոկայանի հետ զրույցում ասել է փաստաբանը:
Գյումրեցիներից շատերն արդեն տեղյակ են այս օրենքից: Նրանցից շատերը կարծում են, որ սա պարզապես բյուջեն «լցնելու» նպատակ ունի:
Նշենք, որ արտագաղթի ցուցանիշը Գյումրիում բավականին բարձր է: Ըստ որոշ ուսումնասիրությունների, Գյումրիում գրեթե ամեն ընտանիքում մեկ, երբեմն էլ երկու կամ երեք բացակայող կա: Վերջին տարիներին նաեւ կտրուկ աճել է ընտանիքներով հեռացողների թիվը:
Լուսանկարը՝ Սերժ Դավիդովի