Բաժիններ՝

Չավուշօղլուն հայտնել է պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի հակահարվածի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստատեսային եթերի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և թուրքական սպառազինության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:

«Եթե ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերի և պատժամիջոցներ կիրառի, ապա մենք էլ ԱՄՆ-ի դեմ համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշել է նա:

Չավուշօղլուն խոսել է նաև Ֆ-35 կործանիչների ծրագրի մասին:

«Ֆ-35-երը նոր տեխնոլոգիաներով արտադրվող կործանիչներ են: Դա էր պատճառը, որ մենք այդ ծրագրի շրջանակներում սկսեցինք համագործակցել ԱՄՆ-ի հետ և վճարեցինք 1.4 մլրդ դոլար: Ուստի, մեր նպատակն է ձեռք բերել այդ կործանիչները: Սակայն, եթե դա չստացվի, մենք փորձելու ենք այլընտրանքային ուղիներով ձեռք բերել երկրի համար անհրաժեշտ սպառազինությունը, ինչպես եղավ Ս-400-ների պարագայում»,- հայտնել է նա:

Նախարարն ընդգծել է նաև, որ Թուրքիան սեփական ռազմաարդյունաբերությանը մեծ տեղ է տալիս և լուրջ ներդրումների շնորհիվ այս պահին կարողանում է ապահովել երկրի համար անհրաժեշտ սպառազինության 70 տոկոսը:

Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, ինչի պատճառով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս