«ԵՄ-ն համարում է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումը պետք է տեղի ունենա  ՀՀ սահմանադրությանը համահունչ». Սվիտալսկի

«ՀՀ-ԵՄ երկխոսությունը սերտ ու ընկերական է՝ սկսած ամենաբարձր մակարդակից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով ԵՄ դիրքորոշումը Հայաստանում նախաձեռնված արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն համարում է, որ այս բարեփոխումը պետք է տեղի ունենա  ՀՀ սահմանադրությանը համահունչ, ինչը շատ կարևոր բաղադրիչ է բոլոր այս քննարկումներում։ Ըստ նրա՝ այդ բարեփոխումների ջանքերը պետք է տեղի ունենան միջազգային չափանիշերին համապատասխան ևս։

«Մենք խոսում ենք Եվրոպայի խորհրդի չափանիշերի մասին: ՀՀ կառավարությունը սերտ համագործակցության մեջ է ԵԽ մեր գործընկերների հետ։ Արդարադատության նախարարը մեկնել էր Ստրասբուրգ, փորձագետներ, ամենաքիչը երկու պատվիրակություն վերջին չորս շաբաթների ընթացքում Հայաստան են ժամանել՝ քննարկելու խնդիրները ՀՀ գործընկերների հետ։ Այս երկխոսությունը տեղի է ունենում, և ես համարում եմ, որ դա շատ կարևոր է։ Երբ մենք ասում ենք՝ անկախ արդարադատական համակարգ, նկատի ունենք իսկապես անկախ, որը պաշտպանված է իշխանության մյուս ճյուղերի ազդեցությամբ։ Իշխանության տարանջատման գաղափարը երեք ճյուղերը շատ հարգելի են ԵՄ-ի կողմից»,- ասաց նա։

Դեսպան Սվիտալսկին ասաց, որ պատճառ չունի անհանգստանալու արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու՝ ՀՀ իշխանությունների մտադրության  շուրջ։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության  ղեկավարը կրկնեց այն, ինչ Տուսկն էր ՀՀ կատարած այցի ժամանակ ասել՝ Հայաստանի հետ ներկայումս ունեն փայլուն հարաբերություններ, և բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելիս, խոսում են նման հայտարարության օգտին։

Ըստ նրա՝ ունեն սերտ և ընկերական քաղաքական երկխոսություն՝ սկսած ամենաբարձր մակարդակից։ Նա վկայակոչեց Տուսկի այցը ՀՀ, ՀՀ վարչապետ Փաշինյանի այցը Բրյուսել։  դեսպան Սվիտալսկին ասաց, որ համաձայնագիրը դրվում է իրականացման մեջ։

«Հիշում եք, որ նախորդ տարվա  հունիսին ունեցել ենք համագործակցության խորհրդի նիստ, երբ հայկական կողմը ներկայացրել էր համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը՝ շատ մանրամասն և հավակնոտ փաստաթուղթ, ներկայումս քննարկում ենք, թե ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել այդ ճանապարհային քարտեզի իրականացմանը։ Ես հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այդ գործընթացին, մոնիտորինգի ենթարկելու այն։ Մենք ուրախ ենք, որ խորհրդարանը ակտիվ դերակատարություն ունեցավ՝ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը նիստ ունեցավ՝ քննարկելու համար  համաձայնագրի իրագործումը, հանրությունը ևս պետք է ուշադրության տակ պահի իրագործման գործընթացը։ Մենք ՀՀ զարգացմանն աջակցության էական ավելացում ունենք։ Ինչպես գիտեք,  ՀՀ-ն ստացել է 25 միլիոն եվրո, այսպես կոչված, «Umbrella» ֆոնդի միջոցով: Այդ ֆոնդը հիմնված է իրականացված աշխատանքի վրա, և ՀՀ-ն կարող է հպարտանալ, որ այդ ֆոնդը Հայաստանի համար ավելի մեծ է, քան Վրաստանինը»,- ասաց Սվիտալսկին՝ շարունակելով, որ այս հիմնադրամը ճանաչում է բարեփոխումները, որոնք Հայաստանն է իրականացրել վերջին ժամանակաշրջանում, մասնավորապես՝ ընտրությունները դեկտեմբերի սկզբին։

Նրա խոսքով, միայն դա չէ, եթե բոլորը միասին վերցնենք, կարող ենք ասել, որ ՀՀ-ԵՄ  գործակցությունը ճիշտ ուղու վրա է։

«Հավատում եմ, որ հայ ժողովուրդը գնահատված է»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն ՀՀ այն միակ դոնորն է, որը դրամատիկ կերպով մեծացրել է աջակցությունը ՀՀ-ին վերջին ամիսների ընթացքում։

Խոսելով իր՝ ՀՀ-ում առաքելության տարիներից՝ ասաց, որ այն իրադարձություններով լի էր։ Նա մատնանշեց «Սասնա ծռերի» հայտնի գործողությունը, ապրիլյան պատերազմը, թավշյա հեղափոխությունը։

«Դիվանագետի համար մարտահրավերներով լի մի ժամանակ էր, բայց ընդհանուր առմամբ ես գոհ եմ, եթե նույնիսկ ես սխալ եմ եղել այստեղ, բայց ես կարծում եմ՝ գնահատված է իմ ու իմ թիմի աշխատանքի այս չորս կարևոր տարիները Հայաստանում։ Ինձ համար այս փուլը պրոֆեսիոնալ, անձնական տեսանկյունից շատ գոհացնող ժամանակաշրջան էր»,- ասաց Սվիտալսկին։

Տեսանյութեր

Լրահոս