Մարդիկ կորցրել են իրենց կյանքը, կատարվել է հանցագործություն. հուլիսի 17-ը երբեք տոն չի դառնա

«Սասնա ծռեր» կոչվող զինված խմբավորումը 3 տարի առաջ հուլիսի 17-ին գրավեց և շուրջ 2 շաբաթ վերահսկողության տակ պահեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ պատանդ վերցնելով այնտեղ գտնվող անձանց: Այդ ընթացքում զոհվեց 3 ոստիկան՝ Յուրի Տեփանոսյանը, Արթուր Վանոյանը և Գագիկ Մկրտչյանը: Դատարանը մինչ օրս քննում է «Սասնա ծռերի» գործը: Շուրջ 1 տարի առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ դատարանը փոխեց ՊՊԾ գնդի գրավման գործով գրեթե բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը, բացի երկուսից՝ Արմեն Բիլյան ու Սմբատ Բարսեղյան, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Երեկ «Սասնա ծռերի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ վստահություն հայտնելով, որ ոչ ուշ ապագայում հուլիսի 17-ը կդառնա ազգային տոն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, որ ՊՊԾ գնդի գրավումը ցույց տվեց, որ ՀՀ-ում զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու ճանապարհն ամենաարդյունավետը չէ, և քաղաքական լուծումներն այլընտրանք չունեն.

«Մեր ժողովուրդը, ըստ էության, մերժեց 3 տարի առաջ այն շանտաժը, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները փորձեցին պարտադրել մեր ժողովրդին և, գրավելով ՊՊԾ գունդը, փորձեցին ժողովրդին մեկտեղել Խորենացի փողոցում ու սկիզբ դնել երկրում այդքան հասունացած և, այո, անհրաժեշտ փոփոխություններին: Բայց մեր ժողովուրդն ավելի խոհեմ գտնվեց և չգնաց այդ արկածախնդրության ճանապարհով, այդ մեկտեղումը տեղի չունեցավ: Միաժամանակ իշխանությունը պարտադրվեց գնալ փոփոխությունների, որոնք արագացրեցին երկրում 2018-ի իրադարձությունները: Այդ իրադարձությունների ամենակարևոր դասը զենքի, բռնության, տեռորի մերժումն էր: Բայց միևնույն ժամանակ՝ գործող իշխանությունը պետք է դասեր քաղի, որ այն, ինչ տեղի ունեցավ, նախորդ ռեժիմի անգործության պատճառով էր, և ցանկացած իշխանություն, եթե չի ուզում կիսել նույն ճակատագիը, ինչ Սերժ Սարգսյանն այդ օրերին գոնե ապրում էր ենթադրաբար, պետք է ավելի խոհեմ գտնվի և թույլ չտա նման դեպքերի կրկնություն»:

Ա.Բաբաջանյանի կարծիքով՝ հուլիսի 17-ը երբևէ ազգային տոն չի դառնա. «Պետք է հիասթափեցնեմ Ժիրայր Սէֆիլյանին, որ հուլիսի 17-ը մեր ամենամութ և ամենաանցանկալի էջերից մեկն է, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական խոհեմ շրջանակները, որոնք հասկանում են առնվազն, թե ինչ է պետությունն ու պետականությունը, ոչ թե «բուրջհամուդների», «լիբանանների» ու «հալեպների» մակարդակով ու պրիզմայով են չափում Հայաստան պետության կարևորությունը, թույլ չեն տա, որ որպես տոն կամ որպես ցանկալի իրողություն հաջորդ սերունդներին հրամցվի այդ դեպքերի նկարագրությունը: Այնպես որ, ես հեռու եմ մտքից, որ Հայաստանում երբևէ նման բան կլինի»:

Նրա համոզմամբ՝ զինված ապստամբությունը հանցագործություն է, և օրենսդրությունն այդ մասով փոփոխման ենթակա չէ.

«Նրանք, որոնք մեղսակից են կոնկրետ սպանությունների մեջ, բռնություն են գործադրել, և այդ գործողության արդյունքում մարդիկ են տուժել, այդ թվում՝ պետության ներկայացուցիչներ, բարձրաստիճան ոստիկաններ, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եվ եթե չեմ սխալվում, համաներումն այդ մարդկանց վրա չի տարածվելու, որովհետև տուժողներն ու զոհերի հարազատները չեն եկել նման համաձայնության: Ուստի, հույս ունեմ, որ դատական գործընթացն արագորեն կավարտվի, և արդարությունը Հայաստանում այդ դատական գործով իր լուծումը կգտնի, մարդիկ պատասխանատվության կկանչվեն»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը մշտապես ասել է, և իր դիրքորոշումը չի փոխվել, որ մեր երկրում քաղաքական հարցերը չպետք է լուծվեն ուժով. «Բայց նաև ես այն պատգամավորն եմ եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գրեթե բոլոր մասնակիցներն իմ և իմ գործընկերների երաշխավորությամբ ազատության մեջ են, որովհետև ես շարունակում եմ պնդել, որ նրանք պետք է լինեն ազատության մեջ և պաշտպանեն իրենց տեսակետը: Ինձ համար այստեղ խնդիրը երկու մասի է բաժանված՝ ուժով որևէ քաղաքական հարց չպիտի լուծվի և ուժով ընդհանրապես որևէ հարց չպիտի լուծվի՝ ո՛չ երեկ, ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը: Բայց, այո, մեր երաշխավորությամբ նրանք այսօր ազատության մեջ են: Մնացածն արդեն իրավապահ համակարգի գործն է»:

Նա դեմ արտահայտվեց «Ծռերի» նախաձեռնությանը, որ օրենսդրական փոփոխություն իրականացվի, և զինված ապստամբությունն այլևս քրեական հանցագործություն չհամարվի:

Տոնի վերաբերյալ Ժ.Սէֆիլյանի գրառմանն ի պատասխան՝ Ն.Զոհրաբյանը նշեց. «Եկեք սպասենք այդ ոչ ուշ ապագային: Ես կդժվարանամ հիմա նման գնահատական տալ: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ եղել են զոհեր, և պիտի մեր հարգանքն ունենանք, գոնե պատշաճ կոռեկտությունը պահպանենք այն մարդկանց հանդեպ, որոնք զոհվել են: Ես, կրկնում եմ, իրենց ազնիվ նպատակները երբևէ կասկածի տակ չեմ դրել, եթե  կասկածի տակ դնեի, ապա, բնականաբար, մեզանից որևէ մեկը երաշխավորություն չէր տա, բայց ես նորից պնդում եմ իմ վստահ համոզմունքը, և ինձ որևէ մեկը չի կարող հակառակում համոզել, որ ուժով մեր երկրում հարցեր չպետք է լուծվեն»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ամենակարևոր փաստը ոստիկանության աշխատակիցների զոհվելն էր, որը շատ ցավալի դեպք է, և եղան անդառնալի կորուստներ. «Մեր աշխատակիցները, ոստիկանության ծառայողները զոհ դարձան հանցագործության, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի և պետք է քրեաիրավական գանհատականի արժանանա: Սա միանշանակ է: Վստահ եմ, որ սա միայն իմ կարծիքը չէ, այլև՝ շատ-շատերի: Մենք այսօր ունենք իրավական պետություն, ինչը ենթադրում է, որ բոլոր արարքներին պետք է համապատասխան գնահատական տրվի, ինչին կհետևի նաև պատասխանատվությունը»:

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ խմբավորման որոշ անդամների խափանման միջոցը փոխվեց, Ա.Խաչատրյանը պատասխանեց. «Այն, ինչ արվել է, իրավական դաշտում է և իրավունքի ուժով է արվել, սակայն այդտեղ հանգամանքներ կան, որ պարզաբանված չեն: Ամեն դեպքում հստակ դիրքորոշում ունեմ, որ սպանություն կատարողները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»:

«Սասնա ծռերի» կողմից ներկայումս համանման փորձի կրկնության ռիսկերը, ըստ Ա.Խաչատրյանի, պետք է գնահատվեին դատարանի կողմից, և խափանման միջոցը չփոխվեր: Նա նշեց, որ խափանման միջոցը փոխվում է այն ժամանակ, երբ այդ ռիսկերը նվազագույն են լինում, և դրանից ելնելով՝ դատարանը կայացնում է համապատասխան որոշում:

Ա.Խաչատրյանը խիստ կասկած հայտնեց, որ հուլիսի 17-ը երբևէ կարող է ազգային տոն համարվել. «Եթե մի իրադարձության ժամանակ մարդիկ կորցրել են իրենց կյանքը, տեղի է ունեցել սպանություն, տեղի է ունեցել հանցագործություն, ինչպե՞ս դա կարող է որակվել՝ որպես ազգային տոն»:

Իշխանական պատգամավորը չհամաձայնեց տեսակետին, որ ՊՊԾ գնդի գրավումը հնարավորություն տվեց անցած տարի հեղափոխություն իրականացնել: Նրա կարծիքով՝ «եթե»-ներով կարելի է հասնել մինչև 2016թ. ապրիլի 2-ի պատերազմ և շատ բաներ կարելի է ասել, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծել շատ ու շատ իրադարձությունների համար. «Ես անմիջական կապ չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման և հեղափոխության իրականացման միջև»:

Զինված ապստամբությունն օրինականացնելն Ա.Խաչատրյանն անընդունելի է համարում. «Ցանկացած քաղաքացի կարող է իրավական ճանապարհով փորձել պաշտպանվել, սա այլ հարց է, բայց եթե մենք փորձում ենք կոնկրետ հանցագործությունն արդարացնել, և ինչ նպատակներով էլ ուզում է իրականացված լինի այդ հանցագործությունը, հանցագործությունը մնում է հանցագործություն: Նպատակները միայն կարող են մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքներ դիտվել, բայց այդ ամենին պետք է օրենքի դաշտում դատարանը գնահատական տա»:

Տեսանյութեր

Լրահոս