«Նախկինում ապօրինի անտառահատումներում ներգրավված մարդիկ նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա». նախարար
Հայաստանում ապօրինի ծառահատումների ծավալը տարեկան 500 հազար խորանարդ մետրից մինչև 1մլն խորանարդ մետր է: Փորձագիտական այս գնահատականն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ դրամական արտահայտությամբ 40 մլն շրջանառության մասին է խոսքը: Թե ովքե՞ր են ստվերային բիզնեսի տերերը, Է.Գրիգորյանը նշեց, որ իրենց ունեցած կոնկրետ տեղեկատվությունները՝ մարդկանց, բիզնեսի, մեքենաների և այլնի մասին, փոխանցվել է իրավապահներին, և անտառապետՆերի, անատառապահների, մասնաճյուղերի ղեկավարների մակարդակով քրեական գործեր կան. «Բայց անձը, որ պետք է լինի այդ ամբողջ համակարգի կամ համակարգերից մեկի հետևում, դա իրավապահ մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը պետք է լինի, որպեսզի ես առանց որևէ հիմնավորվածության որևէ անուն չնշեմ, որովհետև չեմ կարծում, որ ես ունեմ այդ իրավունքը»:
Փայտանյութ Վրաստան արտահանելու վերաբերյալ նախարարը նշեց, որ նախկինում կար որոշակի կարգ, բայց ապօրինի հատումները հիմնական ներքին շուկայում է օգտագործվում՝ որպես շինափայտ, վառելափայտ, նաև տարածված է փայտից ածուխի ստացումը:
Ըստ նրա՝ 2019թ.-ին օրինական հատումների ծավալն ընդամենը 17 հազար խմ է, իսկ մեծ շրջանառությունը ստվերային հսկայական կառույց է, որը ջարդելուն են միտված իրականացվող օրենսդրական ու այլ փոփոխությունները: Թե ինչո՞ւ նախկինում չի բարձրաձայնել այդ հսկա ստվերի մասին, Է.Գրիգորյանը նշեց, որ ԲՆ-ում առաջատար, ապա գլխավոր մասնագետ է եղել, միջազգային ծրագրերում է աշխատել, իսկ փոխնախարար եղած ժամանակ չի համակարգել այդ ոլորտները. «Հիմա ոլորտի պատասխանատուն ես եմ, և այն բոլոր գործողությունները, որ անում ենք, դա կլինի օրենսդրական, համագործակցություն իրավապահ մարմինների հետ, ես անձամբ պատասխանատվություն եմ կրում մեր կատարած աշխատանքների համար»:
Է.Գրիգորյանի խոսքով՝ այն ժամանակ համակարգն այնպիսին էր, որ ապօրինի անտառահատումներում ներգրավված մարդիկ նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա, չի եղել համապատասխան շահարգռգվածություն՝ կանխիչ, պատժիչ մեխանիզմներն այնպես դարձնել, որ մարդիկ 50 անգամ մտածեն, նոր որոշեն՝ մտնե՞լ անտառ, թե՞ չմտնել: Նախարարը հավաստիացրեց, որ Սյունիքում ապօրինի անտառահատումներ հիմնականում չկան, Տավուշում և Լոռիում մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկն Իջևանի տնտեսությունն է, որի ղեկավարն օրերս փոխվել է: Է.Գրիգորյանի կարծիքով՝ երեկ տեղի ունեցածի պատճառները մի քանիսն են՝ անտառահատման մի տոմսով նախկինում անընդհատ փայտ է հանվել, իսկ այժմ այդ հնարավորությունը վերացվել է, թղթերը կամ պատռվում են, կամ ստորագրվում՝ բացառելով կրկնակի օգտագործումը, նաև՝ օրենսդրական փաթեթում առաջին անգամ խստացնող կետեր են ավելացվել, որ խմբակային գործունեությունն արգելվի, իսկ մեկ տարում երկրորդ անգամ անօրինական փայտ կտրելու համար ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվություն է սահմանվել, նաև քրեական օրենսգրքում ֆիքսվել է տեղափոխումը, նաև՝ հսկողությունն է խստացվել, այսինքն՝ լայնածավալ միջոցառումներ են իրականացվում: Նա նշեց, որ նախկինում ապօրինի հատված ծառերի վիճակագրությունը կեղծ է եղել, արձանագրվել է մոտ 1000 ծառ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 10 հազարը, ու թեև վիճակագրությունը վատթարացել է, բայց իրականում դրությունը բարելավվել է, ապօրինի ծառահատումներն էականորեն նվազում են, բացահայտումները՝ ավելանում: