Դավիթ Հարությունյանը՝ Սահմանադրության մեկնաբանությունների և վեթինգի մասին

«ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ իր ելույթում բացարձակապես չի պատրաստվում անդրադառնալ Սահմանադրության դատարանի դատավոր և անդամ թեմաներին, քանի որ համարում է՝ խնդիրն արհեստածին է: Ըստ նրա՝ այն կարելի է հավասարեցնել «երկրագունդը տափակ է» հասկացության հետ:

Դ. Հարությունյանը վերջին իրադարձությունները դիտարկեց Սահմանադրության մեկնաբանման խնդիրների ծիրում.  «Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն, կան այդպիսի դեպքեր, օրինակ՝ այն, որ  Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով.  մեկնաբանման կարիք չկա, որովհետև իմաստն ակնհայտ պարզ է։

Շատ են դեպքերը, որոնք մեկնաբանման կարիք ունեն: Երբ փորձում ենք հասկանալ իմաստը, հայտնվում ենք ծանր կացության մեջ, որովհետև կարծես թե տեքստը գրված է, բայց միևնույն է, այն բավարար չափով չի սահմանում ամեն մի դետալ։

Սահմանադրությամբ հետևյալ ձևակերպումը կա ՝«արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ամեն ինչ շատ պարզ է, բայց ի՞նչ է նշանակում՝ պատիժը մեղմացնող, գիտեք՝ Քրեական օրենսգրքում կա նվազագույն և առավելագույն պատիժ հասկացությունները։ Եթե նվազագույն պատիժը մեղմացվեց, դա մեղմացնո՞ղ է, թե՞ չէ, եթե առավելագույնը նվազեցվեց, դա մեղմացնո՞ղ է, թե՞ չէ։

….Իսկ յուրաքանչյուր այսպիսի նախադասություն իսկապես պահանջում է մեկնաբանություն, ինչը ստիպում է մշակել մեկնաբանման մեթոդաբանություն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունը դնում է սահմաններ, իսկ սուբյեկտիվ մոտեցումները հաճախ խախտում են այդ սահմանները։

Դ. Հարությունյանը ներկայացրեց մեկնաբանման մի քանի մեթոդներ, ապա նշեց, որ Սահմանադրությունը և օրենքները մեկնաբանելիս պետք չէ կանգնել միայն մեկ մեթոդի վրա։ Դա, նրա խոսքով՝ կարող է այլասերել օրենքը. «Ամերիկյան մեկ դասական օրինակ բերեմ՝ սագի պատմությունը, երբ սագը գտնվում էր երկաթգծերի վրա, ու շոգեքարշը երբ անցավ սագի վրայով, առաջացրեց մի վեճ՝ սագի տերը սկսեց հատուցում պահանջել երկաթուղուց՝ ասելով, որ շոհգեքարշի մեքենավարը խախտել է օրենքը, որտեղ գրված է՝ շոգեքարշի մեքենավարը պետք է արգելակի, եթե ուղիների վրա տեսնի որևէ խոչընդոտ կամ կենդանի։ Վեճը հասել է մինչև ամերիկյան Գերագույն դատարան, որը շատ հետաքրքիր մեկնաբանման է հանգել՝ ասել են՝ այո, բառացի նա կենդանի է, որը գտնվել է երկաթուղու գծերի վրա, բայց նորմի բուն գաղափարը տառացի մեկնաբանելով՝ մենք կհասնենք աբսուրդի, որովհետև նորմի նպատակն ուղևորների կյանքը փրկելն է, այլ ոչ թե՝ այդ կենդանու։ Մեքենավարն ակնհայտորեն հասկանում էր, որ մի սագը չէր կարող խոչընդոտ լինել ու վտանգ հանդիսանալ ուղևորների համար։ Սա այն վառ օրինակն է, որը ցույց է տալիս, որ մեկնաբանման մի մեթոդն առանձին, իզոլյացված վերցնելով ու օգտագործելով՝ մենք կարող ենք հանգել անհեթեթ դեպքերի»:

«Վեթինգի վերաբերյալ մենք կազմակերպել էին կլոր սեղան և  բարձրացրել ենք մի շարք հարցեր. Առանց այդ հարցերին պատասխանելու քաղաքականություն մշակողները, կարծում եմ, չպետք է ձեռնամուխ լինեն քայլեր կատարելու»: Այս մասին արդեն  լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարարը:

«Ինչ վերաբերում է իմ մոտեցմանը, ապա ես կարծում եմ, որ վեթինգի նախադրյալներ չկան Հայաստանում: Գործիքները, որոնք մեզանում առկա են, թույլ են տալիս մեզ բացահայտել ոչ իրավաչափ ճանապարհով  ստացած գույքը,   ընդ որում, եթե որևէ մեկը ջանք գործադրի և բացի, օրինակ, Դատական օրենսգրքի այն դրույթները, որոնք վերաբերում են դատավորի կողմից գույքի հայտարարագրմանը, նվերներ ընդունելուն և այլն, կբացահայտի, թե ինչպիսի կոշտ կարգավորում ենք ուժի մեջ մտցրել 2008 թվականին»,- նշեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանի դռները փակելու կոչին՝ նշեց, որ ինքը չի մտնի դիսկուրսի մեջ՝ մեկնաբանելու՝ արդյոք այդ քայլը Սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ նուրբ իրավական կատեգորիա է.  «Այն, որ քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, միանշանակ է,  որ սա ճնշում չէր դատարանների վրա, միանշանակ է: Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեզանում այլևս չեն լինի»:

Խոսելով լրագրողների այն դիտարկման մասին, թե վարչապետն ասում է, որ դատարանները զանգերով էլ են վճիռներ կայացնում, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ դա հերթական քաղաքական հնարքն է, որն օգտագործում է վարչապետը՝ քողարկելու, օրինակ, իր սխալ քայլը՝ դատարանները շրջափակելու վերաբերյալ, ապա վստահեցրեց, որ որևէ մեկը դատավորին չի զանգում, և դա քննարկման թեմա չէ:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս