«Սիրիայի ռմբակոծությունը տեղավորվում է տարածաշրջանում ընթացող մի շարք գործընթացների տրամաբանության մեջ». Արաբագետ
Իսրայելի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրի ռազմաօդային ուժերն այսօր վաղ առավոտյան ռմբակոծել են Սիրիայի կառավարական բանակի` Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմակայաններից մի քանիսը: Ըստ իսրայելական աղբյուրների՝ դրանց թվում են եղել Սիրիայի բանակի հրետանային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայման վայրերը։
Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռներն արձակվել էին հունիսի 1-ին:
168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի ռմբակոծությանը՝ նկատեց, որ այս տարվա ընթացքում սա արդեն 13-րդ նման գործողությունն է, որը, թերևս, ամենամասշտաբայինն է, քանի որ իրականացվել է միաժամանակ և՛ օդուժի, և՛ ռազմածովային ուժերի միջոցով։
«Նախ՝ այս ամենը տեղավորվում է տարածաշրջանում տեղի ունեցող մի շարք գործընթացների տրամաբանության մեջ, որոնք կարելի է բաժանել երեք խմբի։
Առաջինը՝ այդ հարվածից ընդամենը մեկ շաբաթ առաջ Իսրայելում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, որից հետո Իսրայելը գնաց նման մասշտաբային գործողության։ Սա նշանակում է, որ Իսրայելի իշխանությունները որոշակի համաձայնություն են ստացել նշածս գերտերությունների կողմից՝ սեփական շահերը և անվտանգության հետ կապված խնդիրները Սիրիայի տարածքում լուծելու առումով։ Այս գործողությունը տարբերվում էր նրանով, որ դրա ընթացքում թիրախավորվել են միաժամանակ Իսրայելի համար վտանգ ներկայացնող և՛ սիրիական կառավարական ուժերին և Իրանի վերահսկողության ներքո գտնվող ուժերին, և՛ Լիբանանյան «Հիզբալլահ» խմբավորման ենթակառուցվածքները։ Այսինքն՝ ի տարբերություն նախկինի, երբ թիրախավորում էին հստակ նշածս դերակատարներից որևէ մեկի դիրքերը, այս անգամ գործողությունն ավելի համապարփակ էր»,- նշեց արաբագետը։
Նրա խոսքով՝ երկրորդ ուղղությունը վերաբերում է տարածաշրջանում Իրանի դեմ ընթացող գործընթացներին, և նման քայլով Իսրայելի կողմից հոգեբանական, քարոզչական հարթությունում պատասխան է տրվում Իրանին ու նրա գործողություններին, ինչպես նաև հավելյալ ճնշում է Իրանի վարչակարգի վրա։
«Եթե Պարսից ծոցում Իրանի դիրքերն ավելի ամուր են, և կարողանում է ավելի հաջող գործողոթյուններ իրականացնել, ապա նույնը Սիրիայի մասին չի կարելի ասել»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ երրորդ ուղղությունն արդեն տեղավորվում է Իսրայելի ներքաղաքական իրավիճակի համատեքստում, քանի որ տևական ժամանակ է, որ երկրի ներսում բավականին անկայուն իրավիճակ է։
«Նախորդ խորհրդարանը գոյատևեց ընդամենը 50 օր, որից հետո սեպտեմբերին կրկին նախանշված է նոր ընտրություններ, և գործող իշխանություններն ունեն լուրջ խնդիր այդ ընտրություններում հաղթելու և նոր կառավարություն ձևավորելու համար։ Այդ պատճառով էլ ավելի են ակտիվացրել իրենց գործողությունները Սիրիայի տարածքում և այդպես նպատակ ունենալով ավելի ընդլայնել սեփական ընտրազանգվածը»,- ընդգծեց արաբագետը։
Նրա դիտարկմամբ՝ թվարկած բոլոր երեք ուղություններն էլ բավականին արդիական են, և գոնե կարճաժամկետ հեռանկարում, օրինակ՝ 2 ամսվա կտրվածքով տարածաշրջանում հնարավոր են հավելյալ սրացումներ։
Անդրադառնալով ռմբակոծության հետևանքով զոհերի թվին՝ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Իսրայելը սովորաբար հազվադեպ է տեղեկատվություն տրամադրում նման մասշտաբի գործողությունների մասին։ Տեղեկատվությունն ավելի շատ տրամադրում է սիրիական մամուլը կամ արտասահմանյան լրատվամիջոցները։
«Եթե այդպես նայենք, ապա սիրիական կառավարությունը խոսում էր վեց զոհի մասին, իսկ միջազգային լրատվամիջոցները հղում կատարելով Լոնդոնից գործող Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնին՝ նշել են 16 զոհի մասին։ Ընդ որում, եթե սիրիական կողմը նշում է խաղաղ բնակիչների մասին, ապա արտասահմանյան մամուլը նշում է հիմնականում զինյալների մասին»,- եզրափակեց արաբագետը։
Զվարթ Խաչատրյան