«Հայ-ռուսական հարաբերություններում մի շարք հանգամանքներ շփոթեցնում են»․ Զատուլին
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգրավված պաշտոնյաների հետ ցույց են տալիս, որ Մոսկվան հետևում է Հայաստանի ներքին զարգացումներին, որոշ դեպքերում, ըստ որոշ ռուս վերլուծաբանների, նաև երկկողմ հարաբերությունները պայմանավորում ՀՀ ներքաղաքական զարգացումներով, ինչը Հայաստանում դիտարկվում է՝ որպես ներքին գործերին միջամտելու փորձ։ Պատահական չէր, որ անմիջապես Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվեց ՀՀ ԱԳՆ ներքին գործերին չմիջամտելու թեմայի շուրջ խոսակցության նպատակով։
«168 Ժամը» գրավոր տարբերակով մի քանի հարց է ուղղել ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի 1-ին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինին հայ-ռուսական հարաբերությունների և Քոչարյանի գործի, դեսպանի վերջին հանդիպումների շուրջ, թեև վերջին թեմայի վերաբերյալ Զատուլինը որևէ կարծիք չի հայտնել։
– Պարոն Զատուլին, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները հայաստանյան թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց։ Ըստ Ձեզ՝ արդեն կա՞ կառուցողական համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև։
– Հայ-ռուսական հարաբերությունները ես կգնահատեի՝ որպես նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային։ Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ։ Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին ետ կանչելու հարցով, ինչը նախադեպ ստեղծեց և վնաս հասցրեց Ռուսաստանի ու Հայաստանի համար կարևոր այդ ռազմաքաղաքական միության հեղինակությանն ու կոնկրետ գործունեության ծրագրերին, կատաղի արշավները «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և այլոց դեմ, ինչը նյարդայնացնում է Հայաստանի տնտեսությունում ռուս ներդրողներին, համառորեն հաշիվների մաքրումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանում նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում Կովկասում մեր միակ լիարժեք քաղաքական գործընկեր երկրում։
Հանուն արդարության՝ հարկ է նշել, որ անձնապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք չէ մեղադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու ցանկության բացակայության մեջ՝ նրանք հաճախ են զանգում միմյանց և հանդիպում։ Բայց այնպիսի տպավորություն է, որ վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման և վստահության մասին հնարավոր չէ խոսել։ Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա։
– Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց։ Սա արդեն երրորդ կալանավորումն է։ Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի գործի շուրջ զարգացումները, եթե հետևում եք դրանց։
– Այսպես կոչված՝ «Քոչարյանի գործը» համարում եմ ամոթալի Հայաստանի համար։ Ֆրանսիական ասույթ կա՝ «Կարելի է դիպչել միայն արքայազնների գլխին»։ Դա նշանակում է, որ թագավորական արյուն ունեցող անձին կարելի է մահապատժի ենթարկել, բայց ստորացնել և վիրավորել՝ ոչ մի դեպքում։ Ինչ փոփոխություններ էլ որ այս կանոնում մտցնի ժողովրդավարությունը, նախկին նախագահները ցանկացած երկրի պատմության մի մասն են։ Եվ ՀՀ և ԼՂ նախկին նախագահի հետապնդումը 10-ամյա վաղեմություն ունեցող գործով ժողովրդի պատմությանը վնաս է, հետևաբար՝ վնաս է նաև ժողովրդին։ Առավել ևս, որ աչքի առաջ խախտվում են բոլոր սահմանադրական և իրավական նորմերը, որոնք թույլ չեն տալիս Քոչարյանին հետապնդել։
Նիկոլ Փաշինյանը, որին մենք Ռուսաստանում ապրիորի կցանկանայինք աջակցել՝ որպես գործընկեր, իսկ իր ձեռքերով փչացնում է իր մասին, որպես հավասարակշռված, պատասխանատու և անաչառ քաղաքական գործչի՝ տպավորությունը։ Ըստ էության, նա տառացիորեն ներքաշեց Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտ։ ՀՀ վարչապետը ցուցադրաբար արհամարհում է Քոչարյանի զինակից արցախցի ընկերների կարծիքը։ Դա անվտանգ չէ և Հայաստանի, և Արցախի համար։
– Հայաստանում կա կարծիք, որ Կրեմլը բացահայտորեն աջակցում է երկրորդ նախագահին, և, որ Քոչարյանի գործն էական ազդեցություն ունի ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Քոչարյանի կալանավորումից առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպեց նրա հետ, հետո հրավիրվեց ՀՀ ԱԳՆ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում զրույցի նպատակով։ Օրերս Սերգեյ Կոպիրկինը նաև հանդիպումներ ունեցող ՀՀ ՍԴ նախագահի և Գլխավոր դատախազի հետ, ներկայումս այդ գործիչները տվյալ գործում մասնակցություն ունեցող պաշտոնյաներ են, և Հայաստանում այդ հանդիպումները դիտարկվում են Քոչարյանի մոսկովյան աջակցության շրջանակում։ Ի՞նչ կասեք այս մասին։
– ՀՀ վարչապետն ուշադրություն չի դարձնում Ռուսաստանի բարեկամական ազդանշաններին՝ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, որ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի մերձավոր ընկերների շարքում է։ Թվում է՝ արդյոք արժե՞, որ մեսիան լավ հարաբերություններ ունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Պարզվեց՝ ոչ։ Ափսոս..․
Ուզում եմ ընդգծել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը հիմնվում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար նրա իրականացրած գործունեության դրական գնահատականի վրա, նրա մասին՝ որպես խոշոր հայ պետական և քաղաքական գործչի, մեր պատկերացումների վրա, ով ծառայություններ է մատուցել Հայաստանին և հայ ժողովրդին՝ մեր ընկերոջը ողջ աշխարհում։ Ռուսաստանում Ռոբերտ Քոչարյան նախագահին ճանաչում էին՝ որպես խոսքի մարդ։
Այդպիսին է նաև իմ անձնական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ում հետ ես ծանոթացել եմ 1993 թվականին, ով ինձ համար բացահայտեց Լեռնային Ղարաբաղն ու ԼՂ մարդկանց, և ում ես երբեք չեմ անհանգստացրել որևէ հարցով այն պահից սկսած, ինչ նա դարձավ ՀՀ նախագահ։ Հատուկ եմ նշում այդ մասին, քանի որ հասցրել եմ ծանոթանալ տարբեր ինստագրամ-ալիքների ֆեյքերի, որոնք ինձ ներկայացնում են՝ որպես «Մոսկվայում Քոչարյանի ներկայացուցիչ» կամ «նրա միջոցները ստացող», և այլն։
Երբեք ոչ ես, ոչ իմ ղեկավարած ԱՊՀ երկրների ինստիտուտը, ոչ էլ իմ շրջապատում որևէ մեկը չի օգտվել Ռոբերտ Քոչարյանի միջոցներից։ Ցանկանում եք՝ հավատացեք, ցանկանում եք՝ ոչ։