«ՌԴ-ին դուրս մղելով ԵԽԽՎ-ից՝ մենք այնտեղ առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրները շատ ավելի կխորացնեինք». Նաիրա Զոհրաբյան
Երեկ ԵԽԽՎ 118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Այս մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Իսկ այսօր առավոտյան «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԵԽԽՎ-ում քվեարկության ժամանակ հայկական պատվիրակության անդամներից միայն երկուսն են կողմ քվեարկել Ռուսաստանին՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը դեմ են քվեարկել։
168.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ընթացել քվեարկությունը, և արդյո՞ք հայկական պատվիրակության անդամներից երկուսը դեմ են քվեարկել։
«Ինքս նման տեղեկատվություն չունեմ, գիտեմ, որ ամբողջ հայկական պատվիրակությունը պետք է որ կողմ քվեարկած լինի։ Ամեն դեպքում դա եղել է պատվիրակության որոշումը և այստեղ հարցը չէր վերաբերում կոնկրետ մեկ երկրի՝ Ռուսաստանին։ Կարծում եմ՝ այստեղ հարցը շատ ավելի լայն է, եթե Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներից մեկը երկխոսությունն է, ապա ցանկացած երկրի պետք է տրվի հնարավորություն երկխոսության միջոցով լուծել այդ երկրում առկա հարցերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը վերջնականապես դուրս մնար ԵԽԽՎ-ից, ապա դրանից չէր տուժելու Ռուսաստանի իշխանությունը, տուժելու էին միայն այդ երկրի 150 մլն քաղաքացիները, որոնք կզրկվեին իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ եվրոպական բոլոր ինստիտուտներին։
«Ռուսաստանին դուրս մղելով ԵԽԽՎ-ից՝ մենք այնտեղ առկա մարդու իրավունքների հետ կապված խնդիրները շատ ավելի կխորացնեինք»,- հավելեց Ն. Զոհրաբյանը։
Հարցին՝ ԵԽԽՎ-ում հաջորդ նիստին Ռուսաստանի ներկայությունն արդեն ապահովվա՞ծ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ հաշված րոպեներ անց ԵԽԽՎ-ում սկսվելու է նիստը, ինչը, հնարավոր է, սկսվի դրամատիկ նոտաներով, քանի որ բրիտանական, վրացական և ուկրաինական պատվիրակությունները սպառնացել են օգտվել կանոնակարգի ընձեռած մի քանի հնարավորություններից։
«Մասնավորապես, եթե 50 հոգի ոտքի է կանգնում և կրկին վիճարկում է Ռուսաստանի պատվիրակության լեգիտիմությունը, ապա հնարավոր է, որ խնդիրը կրկին վերադառնա մոնիտորինգի հանձնաժողով։ 40 րոպե հետո մեկնարկելու է լիագումար նիստը, և կարծում եմ՝ այն բավականին բուռն կլինի, ինչպես եղավ երեկվա նիստը։ Թե ինչ կարձագանքեն ռուսական պատվիրակները, որոնք, ըստ իս, կլինեն նիստում՝ հայտնի կդառնա 40 րոպե անց։
Ամեն դեպքում, երբ զրուցում եմ ԵԽԽՎ-ի հնաբնակ պատգամավորների հետ, որոնցից մի քանիսն այստեղ են 90-ականներից, նրանք նշում են, որ նման բուռն ու լարված քննարկումներ երբևէ, անգամ Չեչնիայի ու Վրաստանի պատերազմների քննարկման ժամանակ չի եղել։ Այնպես որ, մի քիչ էլ սպասենք, տեսնենք, թե ինչ մարտավարություն կընտրեն այն երկրները, որոնք դեմ են Ռուսաստանի ձայնի վերականգնմանը, որոնք երեկ հայտարարեցին, որ տեղի ունեցավ Եվրոպայի ամենամեծ դավաճանություններից մեկը, որն իրենք կնքեցին «Ստրասբուրգյան դավաճանություն» և հայտարարեցին, որ իրենք դրա հետ չեն հաշտվելու և փորձելու են կանոնակարգ-օրենքի ընձեռած բոլոր հնարավոր միջոցներով կրկին թույլ չտալ, որ ռուսական պատվիրակությունն ունենա ձայնի իրավունք։ Նրանք դրել էին իրենց պահանջը՝ Ղրիմի վերադարձ, ուկրաինացի քաղբանտարկյալների ազատում, և այլն, միայն այդ պայմանների կատարման դեպքում համաձայն կլինեն քննարկել Ռուսաստանի ձայնի վերականգնման հարցը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի վերջին ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որով Ռուսաստանը զրկվում էր ձայնի իրավունքից, բանաձևի օգտին քվեարկել էր 160 պատվիրակ:
Զվարթ Խաչատրյան
Հ.Գ. Ի դեպ, քիչ առաջ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով է դեմ քվեարկել, և արդեն տեղեկացրել է քարտուղարությանը, որն էլ ընդունվել է ի գիտություն: