Մայրաքաղաքում հին վերելակները նորերով փոխարինելու համար կհայտարարվի մրցույթ
Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ: Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ այդ 20 վերելակները կլինեն ծիծեռնակները այն 3500 վերելակների փոխանակման գործընթացի, որը պլանավորվում է սկսել հաջորդ տարի:
«20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր վարչական շրջանում 2 վերելակ է ընտրվել, որոնք առավել անմխիթար վիճակում են: Եզրակացությունները տրվել են մասնագիտացված ընկերությունների կողմից»,-հավելեց նա:
Հայկ Սարգսյանի խոսքով՝վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելուն և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,-ընդգծեց քաղաքապետի տեղակալը: