Բաժիններ՝

«Վրաստանի կոնֆլիկտի պատճառով Լարսը չի փակվի, քանի որ դրանից օգտվում են նաև վրացական ընկերությունները». Գագիկ Մակարյան

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Լարսը չի կարող փակվել, քանի որ դրանից օգտվում է ոչ միայն Հայաստանը, այլև վրացական ընկերությունները։ Վրացական կոնֆլիկտի պատճառով վրացիները չպետք է մտածեն, որ անպայման պետք է Լարսը փակեն, որպեսզի վնասեն այլ երկրների, այդ թվում՝ իրենց բիզնեսին։ Նման բանի չպետք է գնան։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով փակվի Լարսը։

Ըստ նրա, Վրաստանը Հայաստանի հետ լուրջ առևտրային գործընկեր չէ։ Ճիշտ է, շատ ապրանքներ Վրաստանով է գալիս և վերագրվում նրան, բայց  իրականում դրանք թուրքական կամ այլ երկրների ապրանքներ են, որոնք Ռուսաստանում վերափաթեթավորվում ու վերագրանցվում են վրացականի անվան տակ։

«Նույնիսկ տնտեսական համագործակցության առումով այսօրվա վիճակով չեմ համարում, որ կոնֆլիկտը կմեծանա։ Կարծում եմ՝ այն պետք է մարի երկու ճանապարհով՝ կա՛մ կմարի ոստիկանապետի հրաժարականով, ինչպես պահանջում են, կա՛մ այդ ամենը կարող է հանգել նրան, որ Վրաստանի ամբողջ կառավարությունը փոխվի»,- նշեց նա։

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Վրաստանում ստեղծված իրադարձությունների համատեքստում, Հայաստանը կարող է օգուտներ քաղել զբոսաշրջիկների առումով, քանի որ Ռուսաստանն ավիափոխադրումներն արդեն արգելել է, ուստի ռուս զբոսաշրջիկների մի մասը կարող է գալ Հայաստան։

«Այս ֆոնին կարող է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան մեծանալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Գագիկ Մակարյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 28-ին Դիլիջանում նախատեսված է անցկացնել միջկառավարական խորհրդի նիստ, որին կհաջորդեն բիզնես-ֆորումի ձևաչափով հանդիպումներ, քննարկումներ։

«Եթե այդ նիստը տեղի ունենա, ապա այն որոշակի լույս կսփռի ստեղծված իրավիճակի վրա, քանի որ մասնակցելու է նաև Վրաստանի վարչապետի տնտեսակական հարցերով տեղակալը։ Լարսի այլընտրանքային ճանապարհների հույսը շատ քիչ է, եղել են որոշակի բանակցություններ, որ Աբխազիայով գա ճանապարհը, սակայն, կարծում եմ՝ Վրաստանում տեղի ունեցող նման սրացումները դրա վրա կանդրադառնան։ Այն բանակցությունները, որոնք ենթադրում էինք որոշակի այլընտրանքային ճանապարհների մասով՝ կարող են նորից խզվել։ Բայց կա մեկ տարբերակ ևս, որ վրացական կողմը Համաշխարհային բանկի աջակցությամբ որոշակի թունելներ է կառուցում, և նախատեսել է այնպիսի թունելներ կառուցել, որոնք կհեշտացնեն Լարսի ճանապարհը։

Եթե ՀՀ կառավարությունը հետևի և կարողանա դիվանագիտությունն օգտագործել և անհրաժեշտության դեպքում աջակցել, ապա ապագայում Լարսի հարցը կարող է այդ տարբերակով էլ լուծվել, իհարկե, ոչ ամբողջական»,- շեշտեց Գ. Մակարյանը։

Հարցին՝ այդուհանդերձ նախատեսված նիստի ժամանակ արծարծվելո՞ւ է Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը, Գագիկ Մակարյանը դրական պատասխան տվեց։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս