«Եկեք դադարենք օրենքներով միմյանց սպառնալը». Նարինե Դիլբարյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրերս լրատվամիջոցներին հորդորել է պատրաստվել, քանի որ վերջիններիս վերաբերյալ ԱԺ է ներկայացնելու նախագիծ։ Փոքր-ինչ մանրամասնելով՝ Ա. Սիմոնյանն ասել էր, որ նախագիծը վերաբերելու է լրատվամիջոցներում «ատելության և չարիք տարածելու մթնոլորտի նվազեցմանը», այլ մանրամասներ նա չէր ներկայացրել։
ԱԺ փոխնախագահի այս հայտարարությունից հետո հանդես եկավ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը՝ հորդորելով Ալեն Սիմոնյանին զերծ մնալ մեդիայի ազատությունը սահմանափակող քայլերից։
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ նկատեց՝ օրենսդրությամբ ատելության խոսքն ինքնին սահմանափակված է, անգամ այն ամրագրված է Սահմանադրության համապատասխան նորմերում, ուստի անհասկանալի է, թե ինչով են բացատրում լրացուցիչ օրենքներ ընդունելու իշխանության բուռն ձգտումը։
«Ինչպե՞ս են մեկնաբանում, թե ի՞նչ է նշանակում՝ ատելության խոսք, օրինակ, եթե մերժում են որևէ մեկին և նրա վարած քաղաքականությունը և այդ ամենը կատարում են բարձրաձայն, սա ատելության խո՞սք է։ Եթե իրավաբանները կամ համապատասխան ոլորտի մասնագետներն ինձ համոզիչ փաստարկներով ցույց տան, թե ինչ է նշանակում մամուլում ատելության խոսքը, գուցե ինչ-որ տեղ հասկանամ։ Նախ՝ պետք է ճշտեն ատելության խոսքի իրավական մեկնաբանությունը և պարզաբանեն, թե մեր առկա օրենքներն ինչով բավարար չեն ատելության խոսքը սահմանափակելու համար, այնուհետև նոր օրենքներ բերեն։ Կարծում եմ՝ մեր հին օրենսդրական դաշտը դեռ բավարար չափով ծանոթ չէ մեր նոր օրենսդիրներին»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Նա արձանագրեց, որ մամուլում չի տեսել որևէ ատելության խոսք, իսկ սոցիալական ցանցերում անհանդուրժողականության դրսևորումները բազմաթիվ են, որի դեմ օրենքով պայքարելն անհասկանալի է և անհնարին։
«Իմ ընթերցած հոդվածներում չեմ տեսել որևէ ատելության խոսք, բայց կան հոդվածներ, որտեղ պիտակավորումներ կան անձնավորված, սա ատելությո՞ւն է։ Միջազգային մամուլ նույնպես կարդում եմ, ԱՄՆ նախագահի մասին ամեն ինչ գրում են, ընդ որում՝ շատ կոպիտ կատակներ, բայց այնտեղ որևէ մեկի մտքով չի անցնում լրատվամիջոցների դեմ նախագիծ բերել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ, եթե այդ նախագիծն ընդունվի, լրատվամիջոցների և հոդվածագիրների համար կարող է դառնալ «ինքնավերահսկման» գործոն՝ ոչ դրական իմաստով։
«Ամեն ինչի դեմ պետք է հանդուրժողականությամբ պայքարել, այսինքն՝ եկեք դադարենք օրենքներով միմյանց սպառնալ և հարցերը լուծել այդ ճանապարհով»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։
Զվարթ Խաչատրյան