ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները ս․թ․ հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։
Հիշյալ դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գևորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: Նրա հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել էր Գևորգ Դանիելյանին, սակայն հունիսի 7-ին նա ևս հրաժարական տվեց: