«Ցավոք, Հայաստանն աշխարհի չեմպիոններից է գրպանից կատարվող ծախսերի մասով». Արսեն Թորոսյան
«Առողջապահական համակարգն ունի ֆինանսավորման բազմաթիվ աղբյուրներ՝ սկսած պետբյուջեից, վերջացրած գրպանից կատարվող ծախսերով: Ցավոք, Հայաստանն աշխարհի չեմպիոններից է գրպանից կատարվող ծախսերի մասով՝ մոտ 85%: Իրականում մենք պետք է ձգտենք հակառակի, որ 85%-ը կատարվի ոչ գրպանից, այլ ներդրված համակարգերի միջոցով, դա կլինի բյուջետային ֆինանսավորում, ինչպես օրինակ Անգլիայում է, կամ ապահովագրություն, ինչպես օրինակ Հարավային Կորեայում է»,- այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նրա՝ կան բազմաթիվ աղբյուրներ, բայց առողջապահությունում կա ֆինանսական համակարգի աղճատում, որ մի ծառայություն մեկին հասնում է, մյուսին՝ ոչ, կամ տարբեր ծրագրերում նույն օրգանի վիրահատությունը տարբեր արժեք ունի.
«Երբ մենք կկարողանանք բոլոր մատուցվող ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, բարձրացնել այնպիսի գնի, որ առնվազն կփակվի բուժհիմնարկի ծախսն ու բժշկի աշխատավարձը, աա պացիենտների նկատմամբ հավելյալ ֆինանսական ակնկալիքները կվերանան, կամ այնքան կփոքրանան, որ չենք լսի մենք դրա մասին»:
Ա.Թորոսյանը նկատեց, որ եթե «գործերը լավ գնան», կարողանան ներդնել ապահովագրական համակարգը, ինչի շուրջ ակտիվ բանավեճ է ընթանում, ակնկալվում է, որ 1.9 մլն ՀՀ քաղաքացիներ կամ բնակչության 65-70%-ը կմտնեն համակարգի մեջ, և կլինի առնվազն մի աղբյուր՝ հիմնադրամը, որը կվճարի նրանց ծախսերի համար: