Բաժիններ՝

Հայաստանը պետք է վերադառնա իր գիտատեխնիկական ներուժին

Ավետիք Գրիգորյանը մասնագիտությամբ աստղաֆիզիկոս է: Նա ծնվել է Երևանում 1961թ.: Դեռևս դպրոցական տարիքից հետաքրքրվել է ֆիզիկայով, աստղագիտությամբ և տիեզերագնացությամբ, վարել դպրոցի ֆիզիկայի խմբակը, կազմակերպել է հետաքրքիր միջոցառումներ: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական  hամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում և գերազանց ավարտել աստղաֆիզիկայի ամբիոնը: Այնուհետև աշխատանքի է ընդունվել Բյուրականի աստղադիտարանում: Հետագայում  նա աշխատել է ռազմաարդյունաբերական համալիրի տարբեր ինստիտուտներում` որպես ֆիզիկոս: Ղեկավարելով տեսական հետազոտությունների  լաբորատորիան՝ նա ստեղծել է համակարգչային ծրագրերի մի ամբողջ փաթեթ, որն ինժեներներին օգնում էր մշակել տարբեր պաշտպանական միջոցներ, մոդելավորել դրանց աշխատանքի հետ կապված բոլոր պրոցեսներն ու գտնել  պահանջվող բնութագրերն ապահովող լուծումները, ինչպես նաև՝ ստեղծել այդ միջոցների կիրառության մանրամասն ուղեցույցները:

Դրան զուգահեռ՝ Ա. Գրիգորյանը 2 տարի համակարգչային օպերատորի դասընթացներ է վարել «Ֆիդայի» բարեգործական ընկերությունում՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների այրիների համար: 9 տարի անց պաշտպանական միջոցների ստեղծման ծրագրերի ֆինանսավորումը դադարեց, և այժմ նա աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան «ԷլԹիԷքս-Քրիդենս Սիսթեմզ» ընկերության հայկական մասնաճյուղում՝ որպես տեխնիկական գրող:

1988թ. Ավետիք Գրիգորյանն աշակերտների արտադպրոցական խմբակ է ստեղծել` ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական խմբակը: Դասավանդման հիմնական ուղղություններն են՝ օդագնացությունը, ավիացիան, աստղագիտությունը, տիեզերագնացությունը: Ուսուցանվում են նաև ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի և տեխնիկայի հիմքերը: Նրա ստեղծած ակումբի բազմաթիվ սաներ  հաջողությունների են հասել բնագիտական առարկաների յուրացման մեջ (բազում դիպլոմների են արժանացել միջազգային առարկայական օլիմպիադաների ու մրցույթների ընթացքում), դարձել են բարձրակարգ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և ինժեներներ: Նրանցից շատերն այժմ աշխատում են Հայաստանում, ոմանք էլ` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հարավային Կորեայում և Ռուսաստանում (թվով 10 ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուներ և մեկ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ֆիզիկայից Պետական մրցանակի դափնեկիր):

168.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում աստղագետ Ավետիք Գրիգորյանը, որպես Հայաստանի գիտության ոլորտի կարևորագույն խնդիր, առանձնացրեց հատկապես մեկը. «Հայաստանը պետք է կարողանա վերադառնալ իր գիտատեխնիկական ներուժին և ավանդույթներին, դա անչափ կարևոր է, քանի որ մեր երկրում հիմնական ռեսուրսը հենց դա է»: Ավետիք Գրիգորյանը, սակայն, ցավով նկատեց, որ այդ ամենը չարժևորելով` այսօր մենք սարսափելի ձևով կորցնում ենք մեր ունեցածը:  «Մեր երկիրը դժվար ժամանակաշրջանում է ապրում: Պետք է կարողանալ ինչ-որ կերպ պահպանել գիտական ներուժը, գիտելիքները փոխանցել ապագա սերունդներին»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Ավետիք Գրիգորյանն, ի դեպ, իր հնարավորությունների սահմաններում արդեն 24 տարի շարունակ փորձում է օգնել այդ գործին և իր գիտելիքները փոխանցել նոր սերնդին` անվճար դասընթացների միջոցով: Նրա շնորհիվ այսօր գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ նույն դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը՝ Բյուրականի Աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը:

Այս ակումբներում պարապմունքներն անվճար են:  «Ես, համառորեն, 1988թ.-ից սկսած` ժամանակի տարբեր քամիների դեմ պայքարելով, անում եմ այս գործը»,- ասաց Ա. Գրիգորյանը:  Նրա խոսքով՝ դասընթացն այնքան լավ է մշակված, որ դրա արդյունքում անգամ գիտահանրամատչելի գիրք է գրել, որի վրա աշխատել է  շուրջ 5 տարի: Գիրքը  կոչվում է «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք»: Թեև գիրքն ավարտել է  հինգ տարի առաջ, սակայն անհրաժեշտ ծախսերը հոգալու համար բավարար գումարներ դեռևս չի գտել, և այդ պատճառով տպագրության հարցերը ձգձգվում են: «Գիրքը շատ մատչելի է, այն աշակերտին հասցնում է այնպիսի լուրջ ու խորը գիտելիքների, որոնք հասու են համարվում միայն ուսանողների համար: Եթե փորձենք մտաբերել հայ մասնագետի կողմից ստեղծված այդքան ընդգրկուն հայերեն գիտահանրամատչելի գիրք` չենք գտնի: Գիրքը, ըստ հեղինակի՝ երեխային աշխարհայացք է տալիս»,- ասաց Ա. Գրիգորյանը:  Չափազանց կարևոր է , որպեսզի գիրքը տպագրվի և լայն տարածում գտնի աշակերտների շրջանում: Այսօր Գրիգորյանն ի վիճակի չէ շատ դպրոցներում «Տիեզերք» ակումբներ հիմնել և դասավանդել: Գիրքը կնպաստի, որպեսզի նրա դասընթացներում տրվող գիտելիքներն ավելի շատ դպրոցականների հասնեն:

Ավետիք Գրիգորյանի գիրքը հիանալի նվեր կլինի բոլոր նրանց, ովքեր սիրում են գիտություն և տեխնիկա, ու ամեն ինչին նայում են հետազոտողի աչքերով: Հետաքրքրասեր ընթերցողները կարող են մանրամասնորեն ծանոթանալ գրքին կայքում և նույնիսկ առցանց բաժանորդագրվել՝ ապահովագրելու համար իրենց կողմից գրքի ձեռք բերումը տպագրությունից հետո: Կայքի «Բաժանորդագրում» էջում ներկայացված բաժանորդագրվածների ընթացիկ ցուցակն արդեն իսկ ոգևորող է. աշակերտից մինչև թոշակառու, առանձին անհատներից մինչև ինստիտուտներ, գրադարաններ, հիմնադրամներ, մինչև իսկ Գիտությունների Ազգային Ակադեմիա: Հայտեր են ստացվել անգամ արտասահմանից: Ուստի, այսպիսի գրքի պահանջարկ իրոք կա: Պետք է պարզապես գիտակցել, որ մենք ենք մեր արժեքներին տեր կանգնողը, հավատալ, որ հասարակական պատվերը սառույցը տեղից կշարժի և որ առցանց բաժանորդագրման ամեն մի նոր հայտ է՛լ ավելի է մոտեցնում գիրքը տպագրության: Հուսանք, որ հայ գրատպության 500-ամյակը և գրքի մայրաքաղաք Երևանը անտարբեր չեն անցնի այս գրքի կողքով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս