Բաժիններ՝

«Դատական համակարգի փոփոխությունները չպետք է հանգեցնեն գործադիր մարմնի դերի բարձրացմանը՝ դատական իշխանության նկատմամբ». Փաստաբան

«Դատական համակարգում փոփոխություններ անհրաժեշտ են, բայց պետք  է լինել շատ զգույշ, որովհետև կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել»,- «Արդար դատաքննության իրավունքի ոլորտի հիմնախնդիրները երեկ և այսօր» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

«Փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում եմ թեկուզ այն հանգամանքով, որ վերջին տարիներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվող որոշումներից և ոչ մեկով Վճռաբեկ դատարանը մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիր չէր տեսել: Գործերը նույնիսկ վարույթ չէին ընդունվել, պարզապես վերադարձվել էին: Այս առումով փոփոխությունները պետք են, սակայն դրանց նպատակը պետք է լինի դատական իշխանություն ունենալը՝ անկախ ու անաչառ դատավորներով: Ամենակարևորը, այդ փոփոխությունները չպետք է հանգեցնեն գործադիր մարմնի դերի բարձրացմանը՝ դատական իշխանության նկատմամբ:

Այսինքն, փոփոխության արդյունքում չպետք է դատախազների, կառավարության անդամների դերը բարձրանա, այդ փոփոխությունները պետք է լինեն դատավորների անկախ գործունեությունն ապահովելու համար: Դատարանները պետք է անկախ լինեն ոչ միայն գործադիր մարմնից, այլև հասարակական ճնշումներից: Յուրաքանչյուր դատավոր հիշելու է, թե ինչպես գործադիր մարմնի ղեկավարի հորդորով արգելափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը՝ 2019թ.մայիսի 20-ին: Քաղաքական գործընթացներն ավարտվելու են, սակայն դատարանների նկատմամբ ազդեցությունը թողնելու է իր հետքը»,- հավելեց նա:

Նինա Կարապետյանցն էլ շարունակելով գործընկերոջը՝ նկատեց. «Այս տարիների ընթացքում դատական համակարգի աշխատանքն ապացուցում է, որ տասնամյակներ շարունակ դատական համակարգ չենք ունեցել: Եղել են պաշտոնատար անձինք, որոնք զբաղեցրել են որոշակի պաշտոններ, կատարել հրահանգներ: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվել, հեռացվել են աշխատանքից, նրանց նկատմամբ սանկցիաներ են կիրառվել, հետապնդվել են: Ես դեմ եմ դատական համակարգի դեմ ճնշումներին, եթե այն կա: Ինձ համար բացարձակ անընդունելի են դատավորների սրտաճմլիկ հարցազրույցները: Զարմանում եմ, բա այդ դատավորներն ինչո՞ւ ժամանակին ձայն չէին հանում, երբ խոսում էինք հրահանգավորված ակնհայտ անմեղ մարդուն դատապարտելու վերաբերյալ: Այնպես որ, ժամանակն է՝ կտրուկ փոխել դատական համակարգը, բայց շատ լավ մտածված, քանի որ կարող է ավելի վատ վիճակի հանգեցնել, բախվելու ենք ավելի այլանդակ ու այլասերված համակարգի»:

Խոսելով փաստաբանների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին՝ Նինա Կարապետյանցն ասաց, որ դա միշտ է եղել, նրանք անգամ ֆիզիկական բռնության են ենթարկվել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս