Ինչպես պատրաստել վեբ կայքեր ավտոմատացված եղանակով՝ հայկական 10WebX-ի շնորհիվ
Հայկական 10Web ընկերությունը ներկայացրել է 10WebX նախագիծը, որը թույլ է տալիս պատրաստել վեբ կայքեր ավտոմատացված եղանակով՝ մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի միջոցով:
10Web ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Արտավազդ Մինասյանի, Սերգեյ Մարկոսյանի և Արմեն Սաղաթելյանի կողմից։ 10Web-ը բոլորը մեկում WordPress վեբ կայքեր պատրաստելու պլատֆորմ է։ Այն ապահովում է WordPress վեբ կայքի համար անհրաժեշտ բոլոր 10 կոմպոնենտները՝ Hosting, Page builder, Templates, Plugins, Backup, Security, Seo, Optimization, Analytics և, իհարկե, Customer Care:
«Հարյուրավոր վեբ կայքեր պատրաստելուց հասկացել ենք, որ որակյալ վեբ կայքեր ունենալու համար պետք է այս 10 հիմնական կոմպոնենտները։
10Web -ը նախատեսված է ոչ միայն վեբ դևելոփերների համար, այլ նաև ավելի լայն խմբերի համար, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վեբ կայք ունենալ։ Մեր հաճախորդներն ամբողջ աշխարհից են։ 10Web-ը նաև հանդիսանում է Google-ի տեխնոլոգիական գործընկեր, և մեր ամբողջ պլատֆորմը կառուցված է Google Cloud-ի հենքի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշել է 10WebX նախագծի ղեկավար Տիգրան Նազարյանը:
10WebX նախագիծը վեբ կայքերի պատրաստումը ավտոմատացնելու համար ստեղծված լուծում է՝ հիմնված մեքենայական ուսուցման ալգորիթմների վրա։
«Բազմաթիվ վեբ կայքեր պատրաստելիս մենք հասկացել ենք , որ վեբ կայքեր ստեղծելու համար օգտագործվող տարածված դիզայնների շաբլոնները և ծրագրերն այդքան էլ հարմար չեն կիրառելիս, քանի որ հաճախ դժվար է գտնել ցանկալի դիզայն, իսկ դիզայնի փոփոխությունը և հարմարեցնելը հեշտ չէ ոչ մասնագերների համար։ Մենք եկանք այն եզրակացության, որ որքան հնարավոր է՝ այս պրոցեսը պետք է ավտոմատացվի, և հաճախորդը հեշտությամբ ստանա իր ուզած դիզայնը։ Վեբ կայք պատրաստելը պետք է շատ արագ լինի։
10WebX նախագծի վրա աշխատում է մեր մեքենայական ուսուցման թիմը։ Մեր մասնագետները Հայաստանում լավագույններից են ծրագրավորման և մաթեմատիկայի ոլորտում։ Նախագիծն ընթացքում է, և մենք արդեն ունենք պրոդուկտի առաջին տարբերակը»,- ասում է նա։
Տիգրան Նազարյանը պատմում է, որ 10WebX ստեղծում է ցանկալի տեսքով WordPress վեբ կայք, որն անմիջապես տեղակայված է լինում Google Cloud -ի վրա։ Օգտագործողը մուտքագրում է մի կայքի հասցե, որի նման դիզայն ուզում է ստանալ։ Հետո ծրագիրը, որը բաղկացած է մի քանի հաջորդական փուլից, վերլուծում է մուտքագրված կայքի պարունակությունը, էլեմենտների փոխադարձ դիրքերը և դասավորվածությունը, գույները, ոճը և ստեղծում նմանատիպ ֆունկցիոնալությամբ և ոճով հիմնական էջ ունեցող վեբ կայք։
«Մեքենայական ուսուցման ալգորիթմների դերն այն է, որ նրանց միջոցով է ծրագիրը հասկանում, թե տրված վեբ էջում ինչ բովանդակային էլեմենտներ կան։ Այդպիսի էլեմենտներն ավելին են, քան ուղղակի կոդը, քանի որ մենք այդպես ենք ընկալում վեբ էջը։ Օրինակ՝ մենք էջը նկարագրելիս ասում ենք, որ այն ունի մենյու վերևում, որի ներքևում կա սլայդներ (պատկերաշար), մեջտեղում կա գների աղյուսակ, իսկ ամենաներքևում՝ գրանցման ֆորմա։ Հարկ է նշել, որ 10WebX֊ը ո՛չ կրկնօրինակում է տրված կայքի պարունակությունը, ո՛չ էլ կոդը, այլ ստեղծում է լիովին նոր WordPress կայք՝ նման ոճով»։
WordPress-ն աշխարհում ամենատարածված վեբ կայքեր պատրաստելու ծրագրային ապահովումն է։ Միևնույն ժամանակ բարդ է տեխնիկապես ոչ ուժեղ մարդկանց համար WordPress-ով վեբ կայքեր կառուցել, հոսթինգ ապահովել և վեբ կայքը կառավարել։ 10Web-ը լուծում է այս բոլոր խնդիրները՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները։ Այն նախատեսված է բոլորի համար։ Իսկ 10WebX-ը կարող են օգտագործել ոչ միայն վեբ դևելոփերները, դիզայներները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ չեն, սակայն ուզում են վեբ կայք ունենալ։ Այն հարմար գործիք է նաև ֆրիլանսերների ձեռքում՝ կայքերի պատրաստումն էապես արագացնելու համար։
«10Web-ի մրցակիցներն են wordpress.com-ը, Wix-ը, և բոլոր այն ընկերությունները, որոնք միաժամանակ մի քանի բաղադրիչ են ապահովում՝ վեբ կայքեր ստեղծելու համար։ Սակայն դրանցից ոչ մեկը չունի մեր կողմից առաջարկվող բոլոր10 ծառայությունները միաժամանակ։ Առավել ևս՝ չկան արհեստական բանականության վրա հիմնված ամբողջական լուծումներ։ Առկա լուծումները, օրինակ, Wix ADI-ը, միայն օգնում են հեշտությամբ ընտրել առաջարկվող դիզայնի շաբլոններից որևէ մեկը և դրանք որոշ չափով հարմարեցնում են հաճախորդի պահանջին»:
10Web-ում գրանցվելն անվճար է, նաև գոյություն ունի անվճար տարբերակը, որում 10 բաղադրիչների մեծ մասը հասանելի են։ Յուրաքանչյուր անհատ կարող է անվճար օգտագործել այն, իսկ հետո ցանկության դեպքում՝ անցնել վճարովի տարբերակին՝ ավելի լայն ֆունկցիոնալությամբ։
«Մեր մեքենայական ուսուցման թիմը բաղկացած է 5 մասնագետից։ Նրանք ունենք մեծ փորձ վեբ ծրագրավորման, մաթեմատիկայի, ալգորիթմների ոլորտներում։ Թիմի ղեկավարը ես եմ՝ Տիգրան Նազարյանը։ Քանի որ 10WebX-ն աննախադեպ և ինովացիոն պրոյեկտ է, շատ բաներ մեր թիմը հետազոտում է և ստեղծում առաջին անգամ։ Նրանք գործի մեջ նաև հիմնվում են արևմտյան առաջատար ակադեմիական հիմնարկներում կատարված հետազոտությունների վրա։ Բացի մեքենայական ուսուցման թիմից՝ այս նախագծի մեջ նաև իրենց ներդրումն ունեն մեր մյուս աշխատողները։ Ի վերջո՝ 10WebX նախագիծը 10Web պլատֆորմի կարևոր մասն է»։
Ապրիլի վերջում 10Web պլատֆորմը ներկայացվել է ProductHunt-ում։ Այն մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստարտափներին ներկայացնել իրենց պրոդուկտները լայն հանրությանը, և առաջին հերթին՝ տեխնոլոգիաների էնտուզիաստներին։ 10Web-ը ճանաչվեց օրվա լավագույն պրոդուկտներից մեկը։
«Մենք ստացանք տասնյակ դրական գնահատականներ և օգտակար կարծիքներ մասնագետներից։ Բացի այդ, հարյուրավոր մարդիկ գրանցվեցին և սկսեցին օգտագործել մեր պլատֆորմը»։
10WebX-ն ակտիվ մշակման փուլում է։
«Ինչպես նշեցի՝ արդեն մենք ունենք նախնական տարբերակը, որը բավական խոստումնալից է։ Այն պետք է կատարելագործենք մոտակա մի քանի ամսվա ընթացքում՝ թեստավորելով և փորձարկելով տարբեր պայմաններում։ Այնուհետև 10WebX-ը հասանելի կդարձնենք 10Web-ի օգտատերերի համար»:
Սիրարփի Աղաբաբյան