Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։
Անդրադառնալով հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շաբաթօրյակի անցկացման անհրաժեշտությունը բխում է հանրության մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու և հոգատարության մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին առնչվող հարցեր։