Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի պատասխանը ԲԴԽ-ին

Բարձրագույն դատական խորհուրդն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը՝ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր.

«…Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով (…)։

Այսպիսով, ակնհայտ է, որ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանավորում խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին» 18.05.2019թ. և «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 20.05.2019թ որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա քրեական գործը բաշխվել է (մակագրվել է) ինչպես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման պահանջներին համապատասխան»։

168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանից նշեց. «Այդ ամենը շատ համոզիչ կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ մինչև այժմ պարոն Քոչարյանի գործով բերված վերաքննիչ բողոքները ոչ մի անգամ միևնույն դատավորին հանձնված չեն եղել»։

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ բանախոսը չափազանց մտահոգիչ էր համարել այն փաստը, որ դատախազի ներկայացրած երկու բողոքներն էլ հայտնվել են միևնույն դատավորի վարույթում։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս